Գիտնականներն առաջին անգամ իրական ժամանակում դիտարկել են, թե ինչպես են ուղեղի իմունային բջիջները՝ միկրոգլիան, բախվում քաղցկեղի բջիջներին, որոնք փորձում են ներթափանցել ուղեղ և մետաստազներ առաջացնել։
Այս հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է Cancer Research ամսագրում։
Մետաստազավորումը քաղցկեղով մահացության հիմնական պատճառն է և հատկապես ծանր են ընթանում ուղեղի մետաստազները. դրանք զարգանում են թոքերի, կրծքագեղձի քաղցկեղի և մելանոմայի զարգացած ձևերով հիվանդների 10-30%-ի մոտ։ Բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս պայքարել արդեն ձևավորված ուռուցքների դեմ, բայց գործնականում չեն ազդում ամենավաղ «սերմնային» բջիջների վրա, որոնք նոր են մուտք գործում ուղեղ և կարող են ոչնչացվել իմունիտետի կողմից։
Միկրոգլիան ուղեղի պահապան բջիջներն են։ Դրանք ունակ են արագորեն ճանաչել և մարսել վնասակար բջիջները, ներառյալ ուռուցքային բջիջները։ Այնուամենայնիվ, գիտնականները երկար ժամանակ չեն կարողանում հասկանալ, թե ինչու միկրոգլիան երբեմն չի ոչնչացնում քաղցկեղի բջիջները։ Գլխավոր խնդիրը տեխնոլոգիայի բացակայությունն է եղել, որը թույլ կտար տեսնել այդ գործընթացը կենդանի ուղեղում։
Նագոյայի համալսարանի բժշկական դպրոցից Տակահիրո Ցուջիի գլխավորած թիմն առաջին անգամ երկֆոտոնային մանրադիտակի միջոցով գրանցել է միկրոգլիայի և քաղցկեղի բջիջների շփման պահը։ Հետազոտողներն ուսումնասիրել են այն բջիջները, որոնք թոքերից գաղթում են ուղեղ՝ հենց այդպես է ձևավորվում մետաստազների զգալի մասը։ Կարևոր է, որ «հնարավորության պատուհանը», երբ միկրոգլիան կարող է ոչնչացնել այդպիսի բջիջները, տևում է ընդամենը մոտ 12 օր։ Ավելի ուշ, երբ ի հայտ են գալիս ախտանշաններ կամ փոփոխություններ՝ դրանք արդեն տեսանելի են ՄՌՏ-ով և մետաստազն արդեն ձևավորված է։
Պարզվել է, որ միկրոգլիալ բջիջների մի մասն իսկապես հարձակվում և մարսում է քաղցկեղի բջիջները, բայց մյուս մասը, ընդհակառակը, օգնում է դրանց գոյատևել և աճել։ Այս տարբերությունը հասկանալու համար գիտնականները կիրառել են «օպտո-օմիկա» մեթոդը, որը թույլ է տալիս առանձնացնել հենց այն միկրոգլիալ բջիջները, որոնք ֆիզիկապես փոխազդում են ուռուցքային բջիջների հետ և վերլուծել դրանք։
Գլխավոր հայտնագործությունը հետևյալն է. քաղցկեղի բջիջներն օգտագործում են երկու սպիտակուց՝ CD24-ը և CD47-ը, որպեսզի միկրոգլիային «ինձ մի՛ կեր» ազդանշան տան։ Երբ հետազոտողները գենետիկորեն հեռացրին այդ սպիտակուցները, միկրոգլիան արդյունավետորեն ոչնչացրել է «սերմնային» բջիջները, իսկ մետաստազների քանակը կտրուկ նվազել է։ Ավելին, CD24-ը և CD47-ը հայտնաբերվել են թոքերի քաղցկեղով ուղեղի մետաստազներ ունեցող հիվանդների կեսի մոտ, ինչն ընդգծում է հայտնագործության կլինիկական նշանակությունը։
Գիտնականներն առաջարկում են վաղ միջամտության ռազմավարություն. արգելափակել CD24-ը և CD47-ը հակամարմիններով կամ այլ դեղամիջոցներով, որպեսզի օգնեն միկրոգլիային ոչնչացնել մետաստազային բջիջները՝ դեռևս ուռուցքի ձևավորումից առաջ։ Զուգահեռաբար, թիմը մշակում է բիոմարկերներ, որոնք կօգնեն որոշել այն հիվանդներին, ում համար նման թերապիան առավել արդյունավետ կլինի և նախատեսում է կիրառել իր տեխնոլոգիան՝ մետաստազներն այլ օրգաններում ուսումնասիրելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day