5 քայլ՝ թոքաբորբի կանխարգելման համար

12 նոյեմբերի, 2014  13:00

Շատ հիվանդություններ ավելի հեշտ է կանխարգելել, քան՝ բուժել: Այդ հիվանդությունների թվում է նաեւ թոքաբորբը՝ պնեւմոնիան: Այն մասին, թե ինչպես է այն հնարավոր կանխարգելել, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը է պատմել:

Քայլ 1՝ կրծքով սնուցում

Թոքաբորբի առաջացման հիմնական պատճառը բակտերիալ ինֆեկցիաներն են, այդ իսկ պատճառով, դրանց դիմակայելու համար օրգանիզմը պետք է ուժեղ եւ առողջ լինի: Անդրանիկ Ոսկանյանի խոսքով, որպեսզի երեխայի իմունային համակարգը ուժեղ լինի, մայրը նրան պետք է առնվազն 4-6 ամսվա ընթացքում կրծքով կերակրի. նույնիսկ ամենալավ արհեստական կերերը չեն կարող երեխայի իմունային համակարգին տալ այն, ինչ մոր կաթն է տալիս:

Քայլ 2՝ հիգիենա

Թոքաբանի երկրորդ խորհուրդը շատ պարզ է, բայց բազմաթիվ մարդիկ միեւնույնն է՝ չեն հետեւում դրան: Խոսքը գնում է ձեռքերը հաճախակի լվանալու մասին: Մասնագետը հիշեցնում է, որ մեծ թվով մանրէներ եւ վիրուսներ հենց կեղտոտ ձեռքերի միջոցով են տարածվում, եւ որ միայն ձեռքերը հաճախակի լվանալու միջոցով կարելի է մի շարք վարակներից խուսափել:

Քայլ 3՝ մաքուր օդ

Անդրանիկ Ոսկանյանը խորհուրդ է տալիս փակ տարածքները հաճախակի օդափոխել. դա նույնպես հնարավորություն կտա մի շարք վարակներից խուսափել:

Քայլ 4՝ առողջ սնունդ

Որպեսզի օրգանիզմը առողջ լինի, իսկ իմունային համակարգը՝ ուժեղ, սննդին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Թե մեծահասակներին, եւ թե երեխաներին ցանկալի է առողջ՝ վիտամիններով եւ օգտակար նյութերով լի սնունդ օգտագործել:

Քայլ 5՝ ֆիզիկական ակտիվություն

Ինչպես ՀՀ գլխավոր թոքաբանն է նշել, բոլոր օգտակար սովորություններն ամրացնում են օրգանիզմը եւ օգնում՝ ցանցած հիվանդության, այդ թվում նաեւ՝ թոքաբորբի դեմ պայքարի հարցում: Օգտակար սովորություններից մեկն էլ սպորտն ու ֆիզիկական ակտիվությունն է, որով ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները պետք է զբաղվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում