• Latest news

Վիրաբուժության մեջ արհեստական ​​բանականության կիրառման ռիսկերը. FDA-ն ավելի քան 1400 հաղորդագրություն է ստացել մտահոգությունների մասին

10 փետրվարի, 2026  08:38

Բժշկական սարքավորումների մեջ արհեստական բանականության (ԱԲ) ներդրման աճին զուգընթաց ավելանում են նման տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված բժշկական սխալների մասին հաղորդումները, գրում է Reuters-ը:

Acclarent ընկերության TruDi համակարգը, որը համալրված է ուսուցանվող ԱԲ-ով, կիրառվում է քիթ-կոկորդ-ականջաբանական վիրաբուժության մեջ՝ քթի հարակից խոռոչների եռաչափ վիզուալիզացիայի և գործիքների համար օպտիմալ երթուղիների հաշվարկման նպատակով: TruSeg և TruPath ծրագրերի միջոցով ԱԲ-ն ավտոմատ կերպով սեգմենտավորում է անատոմիական կառուցվածքները և օգնում բալոնային սինուսոպլաստիկայի ժամանակ:

2021 թվականի վերջից մինչև 2025 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվել է առնվազն 10 դեպք, երբ պացիենտները վնասվածքներ են ստացել բժիշկների սխալների պատճառով՝ հիմնված TruDi-ից ստացված սխալ տվյալների վրա: Միջադեպերի թվում են խոշոր զարկերակների վնասվածքները և գանգի ծակման դեպքը, որը հանգեցրել է ողնուղեղային հեղուկի արտահոսքի: Տեխասում երկու հոգի հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ համակարգում ԱԲ-ի կիրառման:

Integra LifeSciences ընկերությունը, որը տնօրինում է Acclarent-ը, հայտարարում է, որ չկան ապացույցներ ԱԲ-ի և ստացված վնասվածքների միջև ուղղակի կապի վերաբերյալ: FDA-ն (ԱՄՆ սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչություն) զգուշացնում է, որ իր զեկույցները միշտ չէ, որ թույլ են տալիս միանշանակ որոշել միջադեպի մեղավորին:

2021 թվականից մինչև 2025 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում FDA-ն ստացել է ավելի քան 1,4 հազար հաղորդում՝ կապված ԱԲ-ով աշխատող բժշկական սարքավորումների խնդիրների հետ: 115 դեպքում մատնանշվել են ծրագրային ապահովման կամ ալգորիթմների հետ կապված խնդիրներ, օրինակ՝ պտղի մարմնի մասերի ոչ ճիշտ ճանաչումը՝ նախածննդյան ուլտրաձայնային հետազոտության (Սոնոգրաֆիա) ժամանակ:

Կարգավորող մարմինը դժվարություններ է կրում ԱԲ ոլորտի մասնագետների կրճատման պատճառով. 2025 թվականին Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո այդ խումբը լուծարվել է, իսկ աշխատակիցների մի մասը հեռացել է։ ԱԲ-ով աշխատող նոր սարքավորումները հիվանդների վրա փորձարկումներ չեն պահանջում, ինչը, փորձագետների կարծիքով, մեծացնում է ռիսկերը։

Վաշինգտոնի համալսարանի դասախոս Ալեքսանդր Էվերհարթը նշում է, որ արտադրողները հաճախ նոր սարքերը գրանցում են որպես արդեն գոյություն ունեցողների թարմացումներ։ Նրա կարծիքով՝ բժշկական արտադրանքի կարգավորման հարցում FDA-ի ավանդական մոտեցումը չի ապահովում ԱԲ տեխնոլոգիաների լիարժեք անվտանգությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll