Annals of Internal Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը կոնկրետ առաջարկություններ է տալիս այն մասին, թե որ կոշիկները կարող են օգնել կոնքազդրային և ծնկան հոդերի օստեոարթրիտի դեպքում և հերքում է որոշ տարածված համոզմունքներ:
Օստեոարթրիտը հոդերի դեգեներատիվ հիվանդություն է, որի ժամանակ քայքայվում է աճառը, իսկ հոդի շուրջ գտնվող հյուսվածքները բորբոքվում են, ինչը հանգեցնում է ցավի, կարծրության և քայլելու դժվարությունների: Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է տարեցների և ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ։ Քանի որ դեռևս չկա հիվանդությունը լիարժեք բուժող դեղամիջոց, ոչ դեղորայքային միջոցները, ինչպիսիք են համապատասխան կոշիկները, մեծ նշանակություն ունեն ախտանիշների ինքնուրույն կառավարման համար:
Գիտնականները կլինիկական փորձարկում են անցկացրել կոնքազդրային հոդի օստեոարթրիտ ունեցող 120 մարդու մասնակցությամբ և համեմատել են տարբեր տեսակի կոշիկների ազդեցությունը քայլելիս առաջացող ցավի վրա: Մասնակիցները օրական առնվազն վեց ժամ կրել են կամ տափակ, ճկուն կոշիկներ (օրինակ՝ բալետկաներ), կամ ավելի կայուն, պահող մոդելներ (օրինակ՝ վազքի համար նախատեսված սպորտային կոշիկներ): Վեց ամիս անց չափվել է ցավի փոփոխությունը քայլելու ժամանակ։ Արդյունքն անսպասելի է եղել, որովհետև կոնքազդրային արթրիտի դեպքում կոշիկի տեսակներից ոչ մեկը զգալիորեն ավելի լավը չի եղել մյուսից՝ ո՛չ ցավի նվազեցման, ո՛չ էլ հոդի ֆունկցիայի բարելավման առումով:
Սակայն ծնկան հոդի օստեոարթրիտի դեպքում պատկերն այլ է։ Նախկին կլինիկական տվյալները ցույց են տվել, որ կայուն, հենակցող կոշիկները զգալիորեն նվազեցնում են ծնկի ցավը՝ համեմատած տափակ և ճկուն կոշիկների հետ։ Արդյունավետությունը միջինում 63%-ով ավելի բարձր է եղել։
Սրանից հետազոտողները եզրակացնում են, որ գոնարթրոզի դեպքում կայուն, հենակցող կոշիկները կարող են օգնել նվազեցնել հոդի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը և համապատասխանաբար նաև ցավը։
Ավելին, բարձրակրունկ կամ վատ նստող կոշիկները մեծացնում են հոդերի ծանրաբեռնվածությունը և բարձրացնում ընկնելու վտանգը, հատկապես տարեցների մոտ, ուստի խորհուրդ է տրվում խուսափել դրանցից։ Ընդհանուր առմամբ, հեղինակներն ընդգծում են կոշիկի ճիշտ ընտրության կարևորությունը՝ որպես օստեոարթրիտի կառավարման համալիր ռազմավարության մաս, ինչպես նաև այլ միջոցառումների և բժշկի կամ ֆիզիոթերապևտի հետ խորհրդակցությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում