The Lancet Neurology ամսագրում հրապարակված վերջերս կատարված գլոբալ հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած տասնամյակների առաջընթացին, մենինգիտը նախկինի պես մնում է աշխարհի ամենավտանգավոր վարակներից մեկը:
2023 թվականին այս հիվանդությունից մոտ 259 հազար մարդ է մահացել, իսկ հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 2,5 միլիոնի:
Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ մահվան դեպքերի զգալի մասը բաժին է ընկնում վաղ տարիքի երեխաներին: Բոլոր մահացու ելքերի ավելի քան մեկ երրորդը գրանցվել է մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում, ինչն այս խումբը դարձնում է առավել խոցելի:
Մենինգիտը գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների բորբոքումն է, որը կարող է առաջանալ բակտերիաների, վիրուսների և այլ պաթոգենների պատճառով: Այն շարունակում է մնալ աշխարհում նյարդաբանական խանգարումների առաջատար վարակային պատճառը. նույնիսկ ապաքինված պացիենտները հաճախ բախվում են ծանր հետևանքների, ինչպիսիք են լսողության կորուստը, ցնցումները և ճանաչողական խանգարումները:
1990 թվականից ի վեր, պատվաստումների լայնածավալ ծրագրերի շնորհիվ, հիվանդացության և մահացության մակարդակը զգալիորեն նվազել է: Սակայն, ինչպես ընդգծում են հետազոտության հեղինակները, այդ նվազման տեմպերը բավարար չեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նպատակներին հասնելու համար։ Ըստ այս նպատակների մինչև 2030 թվականը պետք է կրճատել մահացությունը 70%-ով, իսկ հիվանդացությունը՝ 50%-ով:
Հիվանդության հիմնական բեռը դեռևս ընկնում է ցածր եկամուտ ունեցող երկրների վրա, հատկապես Աֆրիկայի այսպես կոչված «մենինգիտային գոտու» վրա, որտեղ գրանցվում են մահացության ամենաբարձր ցուցանիշները: Հիվանդության գլխավոր պատճառների թվում են Streptococcus pneumoniae և Neisseria meningitidis բակտերիաները, ինչպես նաև վիրուսները, ներառյալ ոչ պոլիոմիելիտային էնտերովիրուսները:
Գիտնականներն առանձնացրել են նաև ռիսկի հիմնական գործոնները՝ ծննդյան պահին ցածր քաշը, վաղաժամ ծննդաբերությունը և օդի աղտոտվածությունը: Այս գործոններն ուժեղացնում են օրգանիզմի խոցելիությունը, հատկապես նորածինների և կրծքով սնվող երեխաների մոտ:
Հեղինակներն ընդգծում են, որ մահացության հետագա նվազեցումը հնարավոր է միայն պատվաստումների ծրագրերի ընդլայնման, ախտորոշման բարելավման և բժշկական օգնության հասանելիության, ինչպես նաև հակաբիոտիկների առավել արդյունավետ օգտագործման դեպքում: Առանց դրա աշխարհը ռիսկի է դիմում չհասնել սահմանված նպատակներին և պահպանել մենինգիտը ամենավտանգավոր, բայց միևնույն ժամանակ մեծապես կանխարգելելի հիվանդությունների շարքում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day