Ամեն տարի ավելի քան 840 հազար մարդ մահանում է աշխատավայրում հոգեսոցիալական ռիսկերի հետ կապված հիվանդություններից՝ ներառյալ երկար աշխատաժամանակը, աշխատատեղի պահպանման հարցում անվստահությունը և աշխատավայրում ոտնձգությունները, ասվում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության(ԱՄԿ) նոր զեկույցում:
Ինչպես նշվում է զեկույցում, մասնագիտական հոգեսոցիալական ռիսկերը նախևառաջ կապված են սրտանոթային հիվանդությունների և հոգեկան խանգարումների, ներառյալ ինքնասպանությունների հետ, հաղորդում է Euronews-ը:
«Հոգեսոցիալական ռիսկերը դառնում են աշխատանքի պաշտպանության և անվտանգության ամենալուրջ խնդիրներից մեկը ժամանակակից աշխատանքային աշխարհում», - հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունում աշխատանքի պահպանության (OSH) քաղաքականության և համակարգերի ուղղության ղեկավար Մանալ Ազզին:
«Հոգեսոցիալական աշխատանքային միջավայրի բարելավումն անհրաժեշտ է ոչ միայն աշխատողների հոգեկան և ֆիզիկական առողջությունը պաշտպանելու, այլև արտադրողականությունը, կազմակերպությունների արդյունավետությունը և կայուն տնտեսական զարգացումը բարձրացնելու համար», - հավելել է նա:
Աշխատանքը ձևավորում է անհատականությունը, սոցիալական կապերը և տնտեսական ապահովվածությունը, և այն, թե ինչպես է այդ աշխատանքը նախագծված և կազմակերպված, որոշում է՝ արդյոք այն կլինի տրամաբանական և ռեսուրսներով ապահովված, թե՞ չափազանց մեծ պահանջները, դերերի անորոշությունը և անարդարության զգացումը վնաս կհասցնեն:
Զեկույցում ասվում է, որ առողջության հետ կապված ռիսկերը տարեկան հանգեցնում են գրեթե 45 միլիոն լիարժեք կյանքի կորսված տարիների (DALY), իսկ սրտանոթային հիվանդությունների և հոգեկան խանգարումների համակցված ազդեցությունը գնահատվում է որպես համաշխարհային ՀՆԱ-ի 1,37% տարեկան կորուստ:
Միայն Եվրոպայում, ըստ ԱՄԿ-ի տվյալների, գրանցվել է 112 հազար 333 մահ, լիարժեք կյանքի գրեթե վեց միլիոն կորսված տարի և ՀՆԱ-ի 1,43% կորուստ:
Սրտանոթային հիվանդություններին է բաժին ընկնում այդ ռիսկերին առնչվող մահերի մեծ մասը, սակայն ընդհանուր առմամբ առողջ կյանքի տարիների կորուստն ավելի մեծ է հոգեկան խանգարումների դեպքում, գրում են հեղինակները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեպրեսիան և տագնապային խանգարումները հանգեցնում են տարեկան մոտ 12 միլիարդ կորսված աշխատանքային օրերի։
Ամենատարածված վիճակներն են դեպրեսիան, տագնապային խանգարումները, հուզական այրումը, քնի խանգարումները և խրոնիկական հոգնածությունը:
Հոգեկան առողջության խնդիրները կարող են հանգեցնել նաև ֆիզիկական վնասի, քանի որ մարդիկ հաճախ դիմում են սթրեսի և հոգնածության հաղթահարման անառողջ ռազմավարությունների:
Ծխելը, ալկոհոլի օգտագործումը, շատ ուտելը և նստակյաց ապրելակերպը, որոնք առաջանում են աշխատանքում առկա խնդիրների պատճառով, կարող են հանգեցնել ճարպակալման, հիպերտոնիայի և այլ խրոնիկական հիվանդությունների:
«Առկա տվյալները վկայում են նաև այն մասին, որ առողջությանն առնչվող վարքագիծը և հոգեսոցիալական ռիսկերը ժամանակի ընթացքում փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց. անառողջ սովորություններն ամրապնդում և սաստկացնում են հոգեսոցիալական սթրեսի անբարենպաստ հետևանքները առողջության համար»,- նշում են հեղինակները:
«Կարևոր է հիշել, որ երկար աշխատաժամանակը՝ կրիտիկական հոգեսոցիալական ռիսկի գործոնը, որը կապված է սրտանոթային հիվանդությունների և կաթվածի բարձր հավանականության հետ, շարունակում է մնալ լայնորեն տարածված»,- ընդգծում են հեղինակները:
ԱՄԿ-ի գնահատականներով՝ ամբողջ աշխարհում աշխատողների 35%-ը աշխատում է շաբաթական 48 ժամից ավելի:
ԱՀԿ-ի հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական 55 ժամ և ավելի աշխատանքը կապված է կաթվածի մոտ 35%-ով բարձր ռիսկի և սրտի իշեմիկ հիվանդությունից մահվան 17%-ով բարձր ռիսկի հետ՝ 35-40 ժամյա աշխատանքային շաբաթվա համեմատ:
Հալածանքը և ոտնձգությունների ու բռնության այլ ձևերը նույնպես նշվում են որպես լուրջ խնդիր:
Զեկույցում նշվում է, որ աշխարհում աշխատողների 23%-ն իրենց աշխատանքային կյանքում բախվել է բռնության կամ ոտնձգության առնվազն մեկ ձևի հետ, ընդ որում, հոգեբանական բռնությունն ամենատարածվածն է (18%):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day