Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկային մտածողության հիմքում ընկած երկու ունակությունները կարող են ուղեղում դրված լինել բառացիորեն վաղ մանկությունից։
Խոսքը լեզվի և այսպես կոչված «բանականության տեսության» ՝այլ մարդկանց մտքերը, մտադրությունները, զգացմունքներն ու ներքին վիճակը հասկանալու ունակության մասին է։ Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այդ բարդ ճանաչողական համակարգերն ուղեղում զարգանում են միմյանցից առանձին՝ գործնականում կյանքի հենց սկզբից։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Biology գիտական հանդեսում։
Աշխատանքն իրականացրել են Օհայոյի նահանգային համալսարանի հետազոտողները։ Նրանք օգտագործել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրություն՝ 3-9 տարեկան երեխաների ուղեղի ակտիվությանը հետևելու համար։ Գիտափորձի ժամանակ երեխաներին միացրել են զրույցի ձայնագրություն, պատմվածքներ և մուլտֆիլմեր, իսկ մասնագետները հետևել են, թե որպես արձագանք ուղեղի որ հատվածներն են սկսում աշխատել։
Պարզվել է, որ խոսքի համար պատասխանատու հատվածները և ուրիշների հույզերն ու մտադրությունները հասկանալու հետ կապված գոտիները գրեթե չեն խաչվում միմյանց հետ։
Գիտնականներին հատկապես զարմացրել է այն, թե որքան վաղ է ի հայտ գալիս այդ տարանջատումը։ Ըստնեյրոհոգեբանների՝ տպավորություն է ստեղծվում, կարծես մարդու ուղեղն ի սկզբանե «տրամադրված» է մտածողության երկու տարբեր տեսակների՝ լեզվական հաղորդակցության և այլ մարդկանց սոցիալական ընկալման: Հետազոտողները ենթադրում են, որ նման կառուցվածքը կարող էր ձևավորվել դեռևս խոր հնադարում՝ մարդու էվոլյուցիայի ընթացքում։
Հեղինակներն ուսումնասիրել են նաև այսպես կոչված նեյրոնային կապվածության սխեմաները՝ այն, թե ինչպես են ուղեղի տարբեր շրջանները հանգիստ վիճակում փոխազդում միմյանց հետ։ Պարզվել է, որ խոսքային և սոցիալական ցանցերը ոչ միայն տեղակայված են ուղեղի տարբեր հատվածներում, այլև տարբեր կերպ են կապված մնացած նեյրոնային համակարգերի հետ։ Դա կասկածի տակ է դնում այն հին վարկածը, թե լեզուն և ուրիշի գիտակցության ընկալումը բխում են միասնական ճանաչողական մեխանիզմից։
Ուշագրավ է, որ չափահասների շրջանում այդ համակարգերը սկսում են նկատելիորեն ավելի սերտ փոխազդել: Գիտնականները կարծում են, որ տարիքի հետ խոսքը և սոցիալական մտածողությունն ավելի ու ավելի շատ են համատեղ աշխատում։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով են չափահասներն ունակ ճանաչել սարկազմը, թաքնված ակնարկները, սուտը և խոսակցության հուզական նրբերանգները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day