• Latest news

Գիտնականները հաշվարկել են նիհարելուց հետո քաշը պահպանելու համար անհրաժեշտ քայլերի քանակը

10 մայիսի, 2026  21:22

Մայիսի 12-15-ը Ստամբուլում (Թուրքիա) ընթացող Ճարպակալման եվրոպական կոնգրեսում (ECO 2026) ներկայացված և International Journal of Environmental Research and Public Health ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ օրական մոտ 8 500 քայլը կարող է օգնել մարդկանց պահպանել նիհարելուց հետո կորցրած քաշը:

Քաշի վերահսկման ծրագրերը հաճախ ներառում են օրական քայլերի քանակն ավելացնելու հանձնարարական: Սակայն մինչ այժմ քիչ ապացույցներ են եղել այն մասին, որ դա իրոք օգնում է նվազեցնել քաշը դիետայի ժամանակ: Նաև անորոշ էր մնում, թե արդյո՞ք քայլերի ավելացումը նպաստում է արդյունքի երկարաժամկետ պահպանմանը, և ֆիզիկական ակտիվության հատկապես ո՞ր մակարդակն է օպտիմալ քաշի պահպանման համար:

Մոդենայի և Ռեջիո Էմիլիայի համալսարանի կենսաբժշկական, նյութափոխանակության և նյարդային գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Մարվան Էլ Գոհը նշում է, որ քաշի կրկնակի ավելացման կանխումը ճարպակալման բուժման ամենաբարդ խնդիրներից մեկն է:

Ըստ նրա՝ ավելորդ քաշ կամ գիրություն ունեցող մարդկանց մոտ 80%-ը, ում հաջողվում է նիհարել, 3-5 տարվա ընթացքում մասնակիորեն կամ ամբողջությամբ վերականգնում է կորցրած քաշը։ Հետևաբար, արդյունքը պահպանելու համար արդյունավետ ռազմավարության մշակումը մեծ կլինիկական նշանակություն ունի։

Իտալացի և լիբանանցի գիտնականներն իրականացրել են համակարգված վերլուծություն և մետա-անալիզ: Ուսումնասիրության մեջ ներառվել է 18 վերահսկվող փորձարկում, որոնցից 14-ը (ընդհանուր առմամբ՝ 3 758 մասնակից, միջինում 53 տարեկան և 31 կգ/մ² ՄԶԻ-ով) ընդգրկվել են մետա-անալիզի մեջ։ Տվյալները հավաքագրվել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ճապոնիայից և այլ երկրներից:

Հետազոտության ընթացքում համեմատվել են կենսակերպի փոփոխման ծրագրերի մասնակիցները (1 987 հոգի) և ստուգիչ խումբը (1 771 հոգի), որի անդամները կա՛մ միայն դիետա են պահել, կա՛մ որևէ հատուկ միջամտության չեն ենթարկվել:

Ծրագրերը ներառել են սննդակարգի վերաբերյալ հանձնարարականներ և ֆիզիկական ակտիվության աստիճանական ավելացում (քայլերի հաշվարկով)։ Միջին հաշվով սկզբում իրականացվել է քաշի նվազեցման փուլը (մոտ 7,9 ամիս), այնուհետև՝ արդյունքի պահպանման փուլը (մոտ 10,3 ամիս)։

Սկզբնական շրջանում երկու խմբերն էլ ունեցել են գրեթե նույն ակտիվությունը՝ օրական մոտ 7 200 քայլ։ Ստուգիչ խմբում փոփոխություններ չեն նկատվել, մինչդեռ փորձարարական խմբում քայլերի քանակն ավելացել է՝ հասնելով օրական մոտ 8 454-ի, իսկ քաշի կորուստը կազմել է միջինում 4,39% (մոտ 4 կգ)։

Արդյունքի պահպանման փուլում մասնակիցները շարունակել են պահպանել ակտիվության բարձր մակարդակը՝ օրական մոտ 8 241 քայլ, ինչի շնորհիվ հաջողվել է պահպանել կորցրած քաշի մեծ մասը (միջինում՝ մինուս 3,28%, կամ մոտ 3 կգ)։

Վերլուծությունը ցույց է տվել, որ քաշի կրկնակի ավելացումը կանխող առանցքային գործոնը հենց քայլերի քանակի ավելացումն ու այդ մակարդակի պահպանումն է։ Ընդ որում, նիհարելու ընթացքում քայլերի հավելյալ քանակը էականորեն չի անդրադարձել քաշի ավելի մեծ կորստի վրա. հավանաբար այն պատճառով, որ այդ փուլում վճռորոշ դերը պատկանում է կալորիաների դեֆիցիտին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll