• Latest news

Նոր հետազոտությունը կասկածի տակ է դնում այն գաղափարը, որ տեստոստերոնը ազդում է ռիսկի հակումների վրա

13 մայիսի, 2026  15:58

Տղամարդիկ բարդ իրավիճակներում ավելի հաճախ են ռիսկի դիմում, քան կանայք, սակայն այն հարցը, թե արդյոք դրա համար գոյություն ունի բնածին կենսաբանական պատճառ, վաղուց է հետաքրքրում գիտնականներին: Հանրահայտ տեսության համաձայն՝ հենց տեստոստերոն հորմոնի բարձր մակարդակն է տղամարդկանց դարձնում ռիսկի նկատմամբ ավելի հակված: Սակայն նոր հետազոտությունը հերքել է այս պատկերացումը: Արդյունքները հրապարակվել են Neuroscience & Biobehavioral Reviews ամսագրում:

«Տեստոստերոնի տեսության» փորձարկում

Մի շարք գիտնականներ տեստոստերոնը դիտարկել են որպես ռիսկից խուսափելու հարցում սեռային տարբերությունների հիմնական գործոն։ Դա այն հակումն է, երբ մարդը ռիսկային որոշումների փոխարեն  նախապատվությունը տալիս է կանխատեսելի արդյունքով անվտանգ տարբերակներին։ Այդ տարբերակները կարող են մեծ օգուտ բերել, բայց կապված են անորոշության հետ։ Նման վարքագիծն ազդում է ինչպես առօրյա որոշումների, այնպես էլ կյանքի կարևոր ընտրությունների վրա՝ մեքենա վարելու արագությունից և ներդրումներից՝ մինչև հանգստի գոտու ընտրություն, ինչպես նաև քաղաքականության, միջազգային հարաբերությունների և տնտեսության ոլորտներում որոշումներ։

Ռիսկի դիմելու հակվածության զգալի ազդեցության պատճառով հետազոտողները տարիներ շարունակ փորձել են հասկանալ մարդկային վարքագծի այս բարդ ասպեկտի բնույթը։ Ոմանք մատնանշել են սոցիալական և մշակութային պատճառները, մյուսները՝ կենսաբանական մեխանիզմները։ Սակայն տեստոստերոնի դերի մասին տվյալները մնում են հակասական. որոշ հետազոտություններ հորմոնի բարձր մակարդակը կապել են ռիսկի դիմելու մեծ հակվածության հետ, մյուսները որևէ կապ չեն հայտնաբերել, իսկ որոշներն էլ նույնիսկ հակառակ արդյունքներն են ցույց տվել։

Առկա գիտական տվյալներում հստակություն մտցնելու համար հետազոտողները իրականացրել են 52 ուսումնասիրությունների մետաանալիզ, որոնց մասնակցել է 17,340 մարդ։ Այդ աշխատանքներում ուսումնասիրվել են և՛ տեստոստերոնի մակարդակը, և՛ ռիսկային վարքագիծը։ Օգտագործվել են տեստոստերոնի չափման տարբեր եղանակներ՝ ուղղակի մեթոդներ (արյան և թքի անալիզ), ինչպես նաև հորմոնի ներարկում։ Ռիսկի դիմելու հակվածությունը գնահատվել է մոլախաղերի, վիճակախաղային առաջադրանքների և անհատական հարցաշարերի միջոցով։

Չնայած տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը սովորաբար ավելի բարձր է, և նրանք իրոք ավելի հաճախ են ռիսկի դիմում, այնուամենայնիվ, հորմոնը չի բացատրում վարքագծային այդ տարբերությունը. տեստոստերոնի և ռիսկի դիմելու հակվածության միջև հստակ կապ չի հայտնաբերվել։

Գիտնականները նկատել են, որ թույլ կապ է ի հայտ եկել միայն վիճակախաղային խաղերի միջոցով անցկացված հետազոտություններում, մինչդեռ ռիսկի գնահատման մյուս մեթոդները որևէ էական կախվածություն ցույց չեն տվել։ Պարզվել է նաև, որ տեստոստերոնի ուղղակի չափմամբ իրականացված հետազոտությունները հիմնականում ընդհանրապես կապ չեն հայտնաբերել հորմոնի և ռիսկային վարքագծի միջև։ Փոխարենը, անուղղակի մեթոդներով աշխատանքները (օրինակ՝ մատների երկարության հարաբերակցության վերլուծությունը, որը համարվում է մինչծննդյան շրջանում տեստոստերոնի ազդեցության ցուցիչ) ավելի հաճախ են ենթադրել հնարավոր առնչության մասին։

Արդյունքները հստակ ցույց են տալիս, որ ռիսկի դիմելու հակվածությունը չի որոշվում միայն հորմոններով: Հետազոտողները ենթադրում են, որ ռիսկային վարքագիծը ձևավորվում է բիոպսիխոսոցիալական մոդելի շրջանակներում, որտեղ կարևոր դեր են խաղում կոնկրետ իրավիճակը, մարդու հուզական ու ճանաչողական վիճակը, ինչպես նաև հենց առաջադրանքի առանձնահատկությունները:

Հեղինակների կարծիքով՝ այս թեմայի շուրջ քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ապագա հետազոտությունները չեն անցկացվել ավելի մեծ ընտրանքների հիման վրա, հորմոնների չափման միասնական մեթոդներով և ռիսկի հակվածության գնահատման ավելի հետևողական եղանակներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll