• Latest news

Ուլտրա-վերամշակված սննդամթերքը և ուղեղը. նոր հետազոտությունը սննդակարգը կապում է դեմենցիայի ռիսկի հետ

5 հունիսի, 2026  20:36

American Journal of Public Health հանդեսում հրապարակված նոր հետազոտությունն ուսումնասիրել է, թե արդյո՞ք սննդակարգում ուլտրա-վերամշակված սննդամթերքի բարձր մասնաբաժինը կապված է տարեց մարդկանց մոտ դեմենցիայի և ճանաչողական ունակությունների խանգարումների ռիսկի հետ։

Վերլուծությունը հիմնվել է Health and Retirement Study (HRS) երկարաժամկետ նախագծի տվյալների վրա և ներառել է 50 տարեկանից բարձր 5370 մասնակիցների, որոնք միջինում 8,7 տարի (2013–2020 թվականներ) գտնվել են հսկողության տակ։

Դիտարկման ժամանակահատվածում արձանագրվել է դեմենցիայի 266 դեպք և ճանաչողական խանգարումների 1191 դեպք՝ առանց դեմենցիայի։ Արդյունքները ցույց են տվել, որ ուլտրա-վերամշակված սննդամթերքի ամենաբարձր սպառումն ունեցող մասնակիցների շրջանում դեմենցիայի ռիսկը եղել է 58%-ով ավելի բարձր՝ նվազագույն սպառում ունեցող խմբի համեմատ։

Նմանատիպ օրինաչափություններ են նկատվել նաև առանց դեմենցիայի ճանաչողական խանգարումների դեպքում. ուլտրա-վերամշակված սննդի սպառման բարձր մակարդակը կապված է եղել ռիսկի մոտ 46% աճի հետ, իսկ համակցված ցուցանիշը (դեմենցիա կամ կոգնիտիվ անկում)՝ 47%-ի հետ։ Միևնույն ժամանակ, նվազագույն վերամշակված սննդամթերքը պոտենցիալ պաշտպանական ազդեցություն է դրսևորել։

Առանձին վերլուծությունը ցույց է տվել, որ ուլտրա-վերամշակված սննդամթերքի բոլոր կատեգորիաներից բարձրացված ռիսկի հետ վիճակագրորեն անկախ կապ է ունեցել միայն վերամշակված միսը։ Մնացած խմբերը կայուն անհատական ազդեցություններ չեն ցուցադրել։

Հեղինակները քննարկում են հնարավոր մեխանիզմները՝ ազդեցությունը աղիքային միկրոբիոտայի վրա, բորբոքային գործընթացները, օքսիդատիվ սթրեսը և սննդային հավելումների պոտենցիալ ազդեցությունը։ Ընդսմին, ընդգծվում է, որ այդ վարկածների մեծ մասը հիմնված է փորձարարական և կենդանական մոդելների, այլ ոչ թե մարդկանց վրա արված ուղղակի ապացույցների վրա։

Դիտարկվում է նաև սոցիալական գործոնների դերը. սոցիալական մեկուսացման նշաններ ունեցող մարդկանց մոտ ուլտրա-վերամշակված սննդամթերքի և ճանաչողական անկման միջև ասոցիացիաներն ավելի արտահայտված են եղել, թեև վիճակագրորեն զգալի փոխազդեցություն չի հայտնաբերվել։

Հետազոտությունն ունի մի շարք սահմանափակումներ։ Սննդի վերաբերյալ տվյալները եղել են ինքնահաշվետվական (մասնակիցների ներկայացրած), իսկ ճանաչողական ցուցանիշները՝ սքրինինգային, այլ ոչ թե կլինիկական ախտորոշումներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll