Հնդկաստանում բժիշկները 202 ատամ են հեռացրել 7-ամյա աղջկա բերանից (ֆոտո)

22 նոյեմբերի, 2014  14:02

Հնդկաստանում բժիշկները ստիպված են եղեկ 202 ատամ հեռացնել Նյու-Դելիի 7-ամյա բնակչուհու բերանից: Ատամի անտանելի ցավից բողոքող աղջնակին մայրն էր Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտի (All India Institute of Medical Sciences) ծնոտադիմային վիրաբուժության բաժանմունք բերել՝ տեսնելով, որ դստեր դեմքի ստորին հատվածում ուռուցք է առաջանում: Mirror-ի հաղորդմամբ, բժիշկները փոքրիկ այցելուին նախ ռենտգեն հետազոտության են ուղարկել, որի արդյունքների հիման վրա էլ օդոնտոմա ախտորոշումն է տրվել՝ աղջնակի բերանում 202 «հավելյալ» ատամներ էին աճել: 

Վիրաբույժները խոստովանում են, որ փոքրիկ հնդկուհու մորից էլ պակաս զարմացած չեն եղել:

«Հետազոտության արդյունքները շոկի մեջ էին գցել մեզ: Մեր բաժանմունքում, որպես կանոն, այնպիսի հիվանդներ են հայտնվում, որոնց մոտ մի քանի անոմալ ատամանման կառույցներ են ի հայտ եկել, այնպես որ 7-ամյա երեխայի բերանում 202 հավելյալ ատամների առկայությունը չափից դուրս անսովոր բան էր», - պատմում է ծնոտադիմային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Աջոյ Ռոյչուդհարին (Ajoy Roychoudhary):

Համաձայն տեղական լրատվամիջոցներից ձեռք բերված տեղեկությունների, վիրահատությունից հետո երեխան, որի անունը չի հրապարակվում, այլեւս վերականգնել է նորմալ զգացողությունը եւ կարողացել է սնունդ ծամել: Աղջնակի ընտանիքի անդամները լրագրողներին տեղեկացրել են, որ նա այլեւս նորմալ կենսակերպ է վարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում