Հետազոտողները մշակել են Eye-in-a-Care-Box (EcaBox) սարքը, որը տպագրված է 3D-տպիչով և աշխատում է ակնագնդի շուրջ թթվածնով հագեցած լուծույթի շրջանառության սկզբունքով։ Լուծույթը ներարկվում է աչքի մեջ գլխավոր զարկերակին միացված ճկուն խողովակի միջոցով, իսկ հոսքի և ճնշման մակարդակը կարգավորվում է հատուկ սենսորների օգնությամբ, գրում է IFLScience բժշկագիտական հանդեսը։
Փորձերը ցույց են տալիս, որ նոր սարքն ընդունակ է զգալիորեն երկարացնել աչքի կենսունակությունը մարմնից դուրս, և նույնիսկ հնարավորություն է տալիս խոզերի ակնագնդերին էլեկտրական ազդակներ փոխանցել մահից ավելի քան 10 ժամ անց։ Գիտնականները կարծում են, որ Eye-in-a-Care-Box-ը մի գեղեցիկ օր կարող է օգնել, որպեսզի գործող աչքի փոխպատվաստումն իրականություն դառնա։
Նշենք, որ մարդկանց գործող աչքի փոխպատվաստում նախկինում երբևէ չի իրականացվել՝ չնայած այլ օրգանների, օրինակ՝ սրտի, թոքերի և երիկամների փոխպատվաստման հարցում գրանցված հաջողություններին, գրում է Фокус-ը։ Պատճառներից մեկն այն է, որ ցանցաթաղանթն ունի չափազանց նուրբ կառուցվածք, որը ծայրահեղ խոցելի է անգամ թթվածնի կարճատև կորստի նկատմամբ։
2024 թվականին իրականացված բեկումնային վիրահատության ընթացքում փոխպատվաստագետներին հաջողվել էր ուժեղ էլեկտրական հարված ստացած տղամարդուն փոխպատվաստել դեմքի մի մասը, ինչպես նաև նոր ձախ աչք։ Ցավոք, փոխպատվաստված աչքի տեսողությունը վերականգնել չհաջողվեց, սակայն փորձը ցույց տվեց, որ նոր ցանցաթաղանթն այնուամենայնիվ արձագանքում էր լուսային ազդակներին և ռեպերֆուզիա կոչվող գործընթացում վերականգնել էր արյան հոսքը։
Իսպանիայի Բարսելոնայի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականներն այդ փորձի մեջ մեծ ներուժ տեսան և ստեղծեցին նոր սարքը։ Սկզբում թիմն այն փորձարկեց խոզերի աչքերի վրա, որոնք հնարավոր էր հեռացնել, տեղավորել սառույցի մեջ և մահից հետո 2,5 ժամվա ընթացքում հասցնել լաբորատորիա։ Այնուհետև այդ աչքերի մի մասը տեղադրվեց Eye-in-a-Care-Box-ի մեջ, իսկ մյուս մասը թողնվեց բաց օդում։ Գիտնականները պարզեցին, որ տուփի մեջ գտնվող աչքերը 24 ժամ անց զգալիորեն ավելի կենսունակ էին, քան բաց օդում 4°C ջերմաստիճանի պայմաններում պահված աչքերը։
Փորձի ընթացքում թիմը նկատել է, որ հեղուկը հոսում է անոթներով լավ զոնդավորված աչքերի 90%-ի շրջանում։ Դրանք մասնատելով և մանրադիտակի տակ դնելով՝ հետազոտողները կարողացել են հաստատել, որ արյան մատակարարումն իրականացվել է նույնիսկ մազանոթների և միկրոանոթների մակարդակով։
Հետազոտողները կիրառել են նաև էլեկտրառետինոգրաֆիայի եղանակը, որը չափում է լույսի նկատմամբ ցանցաթաղանթի էլեկտրական արձագանքը։ Արդյունքները ցույց են տվել, որ սարքի մեջ գտնվող խոզի 36 պերֆուզացված աչքերից 15-ը շարունակել են արձագանքել լույսին, որոշ դեպքերում՝ մահից հետո մինչև 10 ժամ անց։ Երբ պերֆուզիան անջատում էին, ազդանշանը թուլանում էր, ինչը վկայում է այն մասին, որ հենց թթվածնի ներհոսքն է պահպանել ցանցաթաղանթի կենսունակությունն ու զգայունությունը։
Հետազոտողները նաև մի քանի փորձ են անցկացրել մահացած 6 դոնորներից ստացված մարդկային 12 աչքերի վրա։ Ինչպես և խոզերի պարագայում, պերֆուզացված աչքերը զգալիորեն ավելի լավ են պահպանվել, քան սովորական եղանակով պահվողները։ Ընդսմին, դեռևս հայտնի չէ՝ արդյոք դրանք պահպանե՞լ են լուսային արձագանքները, որոնք նկատվել էին խոզերի վրա արված փորձերում։
Գիտնականները հույս ունեն, որ ապագայում իրենց բացահայտումը հնարավորություն կընձեռի աչքի փոխպատվաստում իրականացնել։ Բացի դրանից, նոր սարքը կարող է օգտակար լինել որպես հարթակ՝ դեգեներատիվ հիվանդությունների ախտաբանությունն ու բուժումն ուսումնասիրելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day