Չիլի պղպեղի չափից շատ օգտագործումը կարող է կապված լինել կերակրափողի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի հետ։ Այս մասին են վկայում գիտական հետազոտությունների վերլուծության արդյունքները։ Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծում են, որ ստացված տվյալները դեռևս չեն ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապը և հետագա հաստատման կարիք ունեն։
Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված մետա-վերլուծությունը միավորել է 14 դիտարկողական հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել է ավելի քան 11 հազար մարդ, այդ թվում՝ աղեստամոքսային տրակտի (ԱՍՏ) օնկոլոգիական հիվանդություններ ունեցող շուրջ 5 հազար պացիենտ։ Պարզվել է, որ չիլի պղպեղ ամենաշատն օգտագործողների շրջանում աղեստամոքսային տրակտի ուռուցքների առաջացման ընդհանուր ռիսկը մոտ 64%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր այն գրեթե չեն կերել։
Ամենից ակնառու կապը նկատվել է հենց կերակրափողի քաղցկեղի պարագայում։ Կծու պղպեղի մեծ սիրահարների մոտ այս հիվանդության զարգացման հավանականությունը գրեթե երեք անգամ ավելի բարձր է եղել։ Ընդ որում, ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի վիճակագրորեն նշանակալի աճ հետազոտողները չեն հայտնաբերել, թեև ստամոքսի քաղցկեղի դեպքում կծու սննդի սիրահարների շրջանում հիվանդանալու որոշակի միտում, այնուամենայնիվ, նկատվել է։
Չիլի պղպեղին կծվություն հաղորդող նյութը կապսաիցինն է։ Լաբորատոր նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ այս նյութը կարող է նվազեցնել բորբոքումները և նույնիսկ ճնշել որոշ տեսակի ուռուցքային բջիջների աճը։ Այդուհանդերձ, այլ աշխատություններ փաստում են, որ որոշակի պայմաններում կապսաիցինը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ՝ նպաստելով ուռուցքների զարգացմանը կամ հյուսվածքների քրոնիկական գրգռմանը։ Հետևաբար, քաղցկեղի առաջացման ռիսկի վրա դրա ունեցած ազդեցությունը դեռևս միանշանակ չէ։
Չիլի պղպեղի օգտագործման և քաղցկեղի զարգացման կապը տարբերվել է նաև ըստ տարածաշրջանների։ Ասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում անցկացված հետազոտություններն ավելի հաճախ են արձանագրել բարձր ռիսկ՝ պղպեղի մեծ քանակությամբ սպառման դեպքում։ Մինչդեռ Եվրոպայում և Հարավային Ամերիկայում անցկացված ուսումնասիրությունները կա՛մ նման կապ չեն հայտնաբերել, կա՛մ նույնիսկ մատնանշել են ռիսկի նվազում։ Հեղինակների կարծիքով՝ սա կարող է բացատրվել սննդային սովորությունների, ուտելիքի պատրաստման եղանակների, պղպեղի տեսակների, գենետիկական առանձնահատկությունների, ինչպես նաև ծխելու, ալկոհոլի օգտագործման և կենսակերպի այլ գործոնների տարբերություններով։
Գիտնականները ենթադրում են, որ կերակրափողը կարող է առանձնահատուկ զգայուն լինել չափազանց կծու սննդի նկատմամբ, քանի որ դրա լորձաթաղանթի պարբերական գրգռումը կարող է հանգեցնել ախտաբանական փոփոխությունների։ Այնուամենայնիվ, այս վարկածը դեռևս վերջնականապես չի հաստատվել։
Հոդվածի հեղինակները շեշտում են, որ վերլուծության մեջ ներառված բոլոր հետազոտությունները եղել են զուտ դիտարկողական։ Սա նշանակում է, որ դրանք միայն վիճակագրական կապ են արձանագրում, բայց չեն ապացուցում, որ հենց չիլի պղպեղն է քաղցկեղի պատճառը։ Արդյունքների վրա կարող էին ազդել նաև ծխելը, ալկոհոլի օգտագործումը, վարակներն ու սննդակարգի այլ առանձնահատկությունները։
Գիտական տվյալների ավելի թարմ ուսումնասիրությունները երկակի պատկեր են հաղորդում։ Դրանք ցույց են տալիս, որ կծու սնունդը կարող է ունենալ ինչպես օգտակար հատկություններ, այնպես էլ որոշակի ռիսկեր՝ կախված օգտագործման քանակից, հետազոտվող խմբից և կոնկրետ հիվանդությունից։ Որոշ հետազոտություններ նույնիսկ կապում են կծու ուտելիքի չափավոր օգտագործումը սրտանոթային հիվանդությունների և վաղաժամ մահվան ռիսկի նվազման հետ։
Մասնագետները նշում են, որ անհրաժեշտ են երկարաժամկետ հետազոտություններ, որոնք կօգնեն պարզել՝ արդյոք անվտանգ է չիլի պղպեղի չափավոր օգտագործումը, և կա արդյոք սահմանագիծ, որից հետո քաղցկեղի զարգացման վտանգն սկսում է կտրուկ մեծանալ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day