Գիտնականները մշակել են մարմնի զանգվածի գնահատման նոր ցուցանիշ, որը կարող է ավելի ճշգրիտ լինել, քան մարմնի զանգվածի ավանդական ինդեքսը (ՄԶԻ), և միևնույն ժամանակ համապատասխանում է բոլոր տարիքի մարդկանց՝ նորածիններից մինչև տարեցներ:
Նոր ցուցանիշը ստացել է Consistent Body Mass Index (CBMI) անվանումը՝ «համաձայնեցված մարմնի զանգվածի ինդեքս»: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:
Ի տարբերություն դասական ՄԶԻ-ի, որը հիմնված է այն ենթադրության վրա, որ մարմնի զանգվածը համեմատական է հասակի քառակուսուն, CBMI-ն ելնում է նրանից, որ մարդու մարմինը եռաչափ կառուցվածք է: Հետևաբար, հեղինակների կարծիքով, մարմնի զանգվածը պետք է կապված լինի հասակի խորանարդի, այլ ոչ թե դրա քառակուսու հետ:
Օգտագործելով մաթեմատիկական մոդել, որտեղ մարմինը ներկայացված է գլանի տեսքով, հետազոտողները մշակել են բանաձև, որը միավորում է մարմնի զանգվածը, հասակը և գոտկատեղի շրջագիծը, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ արտացոլել մարմնի համամասնությունները:
Նոր ինդեքսը ստուգելու համար գիտնականները հետազոտել են Ստամբուլի 400 բնակչի՝ ծննդյան առաջին օրվանից մինչև 75 տարեկան: Մասնակիցները հավասարապես բաժանվել են չորս խմբի՝ չափահաս տղամարդիկ, չափահաս կանայք, տղաներ և աղջիկներ:
Արդյունքները ցույց են տվել, որ CBMI-ն զգալիորեն ավելի լավ է համապատասխանում գոտկատեղի շրջագծի և հասակի հարաբերակցությանը, որը ճարպակալման և դրա հետ կապված հիվանդությունների ռիսկի ընդունված ցուցանիշներից մեկն է: Ամբողջ ընտրանքի համար կորելյացիայի գործակիցը կազմել է 0,837, ինչը վկայում է ուժեղ փոխկապակցվածության մասին: Ամենաարտահայտված կորելյացիան նկատվել է երեխաների մոտ, իսկ ամենաթույլ արտահայտվածը՝ չափահաս տղամարդկանց մոտ:
ՄԶԻ-ն օգտագործվում է գրեթե երկու դար՝ հաշվարկման պարզության շնորհիվ, սակայն մասնագետները վաղուց մատնանշում են դրա սահմանափակումները: Այն հաշվի չի առնում տարիքը, սեռը, էթնիկ առանձնահատկությունները, մարմնի կազմությունը և ճարպային հյուսվածքի բաշխումը, որի պատճառով կարող է ոչ ճիշտ գնահատել երեխաների, տարեցների, մարզիկների, ինչպես նաև շատ բարձրահասակ կամ ցածրահասակ մարդկանց ֆիզիկական վիճակը:
Այլընտրանքներից մեկն է համարվում մարմնի զանգվածի տրիպոնդերալ ինդեքսը (TMI), որը նույնպես օգտագործում է հասակի խորանարդը քառակուսու փոխարեն: Սակայն նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ դրա ճշգրտությունը նույնպես կախված է տարիքից և նույնական չէ բնակչության բոլոր խմբերի համար:
Հեղինակները նշում են, որ գոտկատեղի շրջագիծը համարվում է մետաբոլիկ առողջության կարևոր ցուցանիշ, քանի որ կապված է սիրտ-անոթային հիվանդությունների, զարկերակային հիպերտենզիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի որոշ տեսակների բարձր ռիսկի հետ: Սակայն այս ցուցանիշը, ինչպես և ՄԶԻ-ն, նույնպես կախված է մարմնի չափսերից:
Այս թերությունը վերացնելու համար հետազոտողներն օգտագործել են գոտկատեղի շրջագծի և հասակի հարաբերակցությունը և ներմուծել լրացուցիչ գործակից, որը հաշվի է առնում մարմնի ձևի անհատական առանձնահատկությունները՝ փոխարենը ենթադրելու, թե բոլոր մարդիկ ունեն նույն մարմնակազմվածքը:
Վիճակագրական վերլուծության օգնությամբ գիտնականները համեմատել են, թե որքանով են CBMI-ն, ՄԶԻ-ն և TMI-ն համապատասխանում մասնակիցների իրական անտրոպոմետրիկ տվյալներին: Բոլոր տարիքային խմբերում և մարմնակազմվածքի տարբեր տիպերի դեպքում ամենակայուն արդյունքները ցույց է տվել հենց CBMI-ն:
Ստացված տվյալների հիման վրա հետազոտողները մշակել են նաև նախնական դասակարգման աղյուսակներ՝ մարմնի նորմալ զանգվածի, ավելորդ քաշի և ճարպակալման սահմանային արժեքներով:
Միևնույն ժամանակ, հեղինակները ընդգծում են, որ նոր ինդեքսը դեռևս չի կարելի ներդնել լայն կլինիկական պրակտիկայում: Դրա արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ են ավելի մասշտաբային հետազոտություններ տարբեր պոպուլյացիաների մասնակցությամբ, որոնք թույլ կտան ստուգել առաջարկված սահմանային արժեքները և գնահատել CBMI-ի՝ հիվանդությունների ռիսկերը կանխատեսելու կարողությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day