Մագնեզիո՞ւմը, թե՞ մելատոնինը. հանրաճանաչ միջոցներից որն է ավելի լավ օգնում քնի խանգարումների դեպքում

21 հուլիսի, 2026  01:44

Մելատոնինն ու մագնեզիումը քնի բարելավման ամենատարածված միջոցների թվում են, սակայն մասնագետներն ընդգծում են, որ դրանք գործում են տարբեր կերպ և մեկը մյուսով փոխարինելի չեն:

Նեյրոկենսաբանների բնորոշմամբ՝ մելատոնինը օրգանիզմի ներքին կենսաբանական ժամացույցը կարգավորող հորմոն է: Այն չի գործում որպես քնաբեր, այլ միայն ազդանշան է տալիս ուղեղին քնելու ժամանակի հասնելու մասին: Այդ պատճառով մելատոնինն առավել արդյունավետ է ցիրկադային ռիթմերի խանգարման դեպքում, օրինակ՝ մի քանի ժամային գոտիներով թռիչքներից հետո կամ ուշ քնելու սովորության ժամանակ:

Մագնեզիումը գործում է այլ կերպ: Այս կենսական նշանակություն ունեցող հանքանյութը մասնակցում է հարյուրավոր կենսաքիմիական գործընթացների և անհրաժեշտ է գամմա-ամինակարագաթթվի (ԳԱԿԹ) առաջացման համար: ԳԱԿԹ-ն նեյրոմեդիատոր է, որն օգնում է նվազեցնել նյարդային համակարգի ակտիվությունը և նպաստում է թուլացմանը: Դրա շնորհիվ մագնեզիումը կարող է հատկապես օգտակար լինել այն մարդկանց համար, որոնց մոտ անքնությունը կապված է սթրեսի, տագնապայնության կամ մկանային լարվածության հետ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մելատոնինն ունակ է փոքր-ինչ կրճատել քնելու գործընթացի տևողությունը և աննշան բարելավել քնի որակը: Ընդ որում, ամենահամոզիչ գիտական տվյալները հաստատում են դրա արդյունավետությունը հենց մի քանի ժամային գոտիներով թռիչքներից հետո կամ ուշ քնելու սովորության դեմ պայքարում:

Մագնեզիումի վերաբերյալ տվյալներն առայժմ ավելի սակավ են, սակայն վերջին հետազոտությունները վկայում են, որ դրա ընդունումը կարող է մեղմել թեթև անքնությունն ու տագնապայնությունը, հատկապես մագնեզիումի պակաս ունեցող մարդկանց մոտ: Ընդսմին, գիտնականները նշում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը:

Փորձագետները շեշտում են, որ ոչ մելատոնինը, ոչ էլ մագնեզիումը չպետք է դիտարկվեն որպես խրոնիկական անքնության բուժման միջոց: Քնի երկարատև խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի, որը կարող է անքնության կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (CBT-I) կամ ապացուցված արդյունավետությամբ բուժման այլ մեթոդներ նշանակել:

Մասնագետները միաժամանակ զգուշացնում են, որ դեղորայքի մեծ չափաքանակները միջոցներն ավելի արդյունավետ չեն դարձնում: Մելատոնինի համար սովորաբար առաջարկվում են 0,5-ից մինչև 3 մգ դեղաչափեր՝ քնելուց մեկ-երկու ժամ առաջ: Ավելի բարձր չափաքանակները կարող են խախտել օրգանիզմի բնական ցիրկադային ռիթմերը:

Մագնեզիումի համար ստանդարտ օրական դեղաչափը կազմում է 100–400 մգ՝ կախված սննդակարգից և անհատական կարիքներից: Ամենանախընտրելի ձևերից մեկն է համարվում մագնեզիումի գլիցինատը, որը լավ է ներծծվում և ստամոքսաղիքային տրակտի կողմից ավելի հազվադեպ է կողմնակի ազդեցություններ առաջացնում:

Թեև մելատոնինն ու մագնեզիումը կարելի է ընդունել միաժամանակ, սակայն համոզիչ գիտական ապացույցներ այն մասին, որ դրանց համադրությունն ավելի արդյունավետ է, քան յուրաքանչյուրն առանձին, դեռևս չկան:

Երկու միջոցներն էլ ընդհանուր առմամբ համարվում են անվտանգ ճիշտ կիրառման դեպքում, սակայն դրանք կարող են փոխազդել որոշ դեղամիջոցների հետ և կողմնակի բարդություններ առաջացնել: Այդ պատճառով, ընդունումը սկսելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ, հատկապես խրոնիկական հիվանդություններ ունեցող կամ մշտապես դեղորայք ընդունող մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում