Մարդիկ, որոնց քնի ռեժիմը զգալիորեն տարբերվում է աշխատանքային և հանգստյան օրերին, ավելի հաճախ են օրական կալորիաների հիմնական մասի ընդունումը տեղափոխում երեկոյան ժամեր: Նման եզրահանգման են հանգել բրիտանացի հետազոտողները, որոնք աշխատության արդյունքները հրապարակել են npj Biological Timing and Sleep բժշկագիտական հանդեսում:
Հետազոտությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի 101 առողջ չափահաս բնակիչ: 14 օրվա ընթացքում, որոնք ընդգրկում էին երկու աշխատանքային շաբաթ և երկու հանգստյան օր, մասնակիցները մանրամասն արձանագրել են բոլոր կերած մթերքներն ու ըմպելիքները, ինչպես նաև տեղեկություն են տրամադրել քնի ռեժիմի, ֆիզիկական ակտիվության, մարմնի զանգվածի, ոգեկից խմիչքի օգտագործման, ծխելու և ապրելակերպի այլ առանձնահատկությունների մասին:
Գիտնականներն հիմնական ուշադրություն են դարձրել այսպես կոչված «սոցիալական ջեթլագին»՝ մարդու ներքին կենսաբանական ժամացույցի և քնի ժամանակացույցի միջև եղած տարբերությանը, որը պայմանավորված է աշխատանքով կամ այլ սոցիալական պարտավորություններով: Մասնակիցներին բաժանել են խմբերի՝ կախված նրանից, թե աշխատանքային և հանգստյան օրերին քնի ժամերի միջև տարբերությունը կազմում էր մեկ ժամից պակա՞ս, թե՞ գերազանցում էր այդ ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ, էներգիայի օրական սպառումն աստիճանաբար ավելացել է օրվա ընթացքում՝ հասնելով առավելագույնի 16:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում, որից հետո նվազել է: Սակայն ավելի արտահայտված սոցիալական ջեթլագ ունեցող մարդկանց շրջանում կալորիաների մեծ մասը բաժին է ընկել ուշ երեկոյան:
Ամենաարտահայտված կապը նկատվել է կանանց շրջանում: Մեկ ժամից պակաս սոցիալական ջեթլագ ունեցող մասնակիցներն ավելի շատ էներգիա են սպառել առավոտյան՝ աշխատանքային օրերին, և ուշ առավոտին մոտ՝ հանգստյան օրերին: Ավելի արտահայտված սոցիալական ջեթլագով կանայք, ընդհակառակը, սննդի ընդունումն ավելի հաճախ տեղափոխել են ուշ երեկո: Հաշվարկները ցույց են տվել, որ սոցիալական ջեթլագի յուրաքանչյուր լրացուցիչ ժամը կապված է եղել աշխատանքային օրերին երեկոյան էներգիայի սպառման ավելացման հետ՝ միջինում 62,5 կիլոկալորիայով:
Տղամարդկանց շրջանում ի հայտ են բերվել նմանատիպ միտումներ, սակայն մասնակիցների փոքր թվի պատճառով արդյունքներն նվազ կայուն են ստացվել: Ընդսմին, հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալական ջեթլագի արտահայտվածությունը ևս կարող է ազդել օրվա ընթացքում սպառվող կալորիաների բաշխման վրա:
Հեղինակները նշում են, որ հետազոտությունը չի հայտնաբերել համոզիչ ապացույցներ առ այն, որ ավելի արտահայտված սոցիալական ջեթլագ ունեցող մարդիկ ընդհանուր առմամբ ավելի շատ կալորիա են սպառում: Ավելի շուտ, տարբերությունները վերաբերում են սննդի ընդունման ժամին, այլ ոչ թե սպառվող էներգիայի ընդհանուր ծավալին:
Քանի որ նախորդ հետազոտություններն արդեն սոցիալական ջեթլագը կապել են ճարպակալման, մետաբոլիկ համախտանիշի և սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ, գիտնականները կարծում են, որ մետաբոլիկ առողջությունը գնահատելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն սննդի որակն ու քանակը, այլև դրա օգտագործման ժամանակը:
Միաժամանակ, հետազոտողներն ընդգծում են իրենց աշխատանքի սահմանափակումները. ընտրանքը համեմատաբար փոքր է եղել, մասնակիցների մեծ մասը կանայք են եղել, իսկ սննդի վերաբերյալ տվյալները հիմնված են եղել ինքնազեկույցների վրա: Ուստի ստացված արդյունքները հաստատում են պահանջում ավելի խոշոր հետազոտություններում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում