• Latest news

Նախկին ֆուտբոլիստների մոտ դեպրեսիայի և տագնապայնության դեպքերն ավելի հաճախակի են․ ուսումնասիրություն

1 օգոստոսի, 2026  12:25

Նախկին ֆուտբոլիստների մոտ ի հայտ են բերվել դեպրեսիայի և տագնապայնության ավելի բարձր մակարդակներ, ինչպես նաև նրանք ավելի հաճախ են գանգատվում մտածողության և որոշումների կայացման հետ կապված դժվարություններից, քան ֆուտբոլ չխաղացած առողջ մարդիկ։ Այս մասին նշվում է նոր հետազոտության մեջ, հայտնում է Euronews-ը։

Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հետազոտությանը մասնակցած 142 նախկին պրոֆեսիոնալ խաղացողների գրեթե մեկ երրորդի մոտ ախտանիշներն այնքան արտահայտված են եղել, որ դրանք կարելի է դասել կլինիկական դեպրեսիայի շարքին, մինչդեռ ստուգիչ խմբում այդպիսիք ընդամենը 9%-ն են կազմել։ Տագնապայնության մակարդակով ախտորոշիչ շեմը հաղթահարել է ֆուտբոլիստների 42%-ը՝ այս սպորտաձևով երբևէ չզբաղվածների 25%-ի դիմաց։

«Թեև ստանդարտ կոգնիտիվ թեստերի արդյունքներով նախկին խաղացողների և ֆուտբոլ չխաղացած մարդկանց միջև ակնհայտ տարբերություններ չկային, մենք զգալի շեղումներ տեսանք մասնակիցների հայտնած ախտանիշներում (ինչպիսիք են տագնապն ու դեպրեսիան), ինչպես նաև ուղեղի լուսանկարներում (MRI)», — ասել է հետազոտության առաջատար հեղինակ Քեյլի Գրեյս Լինչը։

Նրա խոսքով՝ արդյունքները վկայում են այն մասին, որ միջին տարիքում նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները կարող են ունենալ ուղեղի վիճակի չափելի փոփոխություններ՝ շատ ավելի վաղ, քան սովորաբար ի հայտ են գալիս այնպիսի հիվանդություններ, ինչպիսին դեմենցիան է։

Հետազոտությանը մասնակցել է 30-ից 60 տարեկան 142 նախկին պրոֆեսիոնալ խաղացող՝ 126 տղամարդ, որոնք առնվազն երեք տարի անցկացրել են պրոֆեսիոնալ ֆուտբոլում, և 16 կին, որոնք հանդես են եկել Մեծ Բրիտանիայի երկու բարձրագույն դիվիզիոններում։

Նրանց համեմատել են նույն տարիքի 56 առողջ մարդկանց հետ, որոնք անամնեզում չեն ունեցել կոնտակտային սպորտաձևեր, ծառայություն բանակում, գլխի վնասվածքներ կամ նյարդաբանական հիվանդություններ։

Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականների կողմից անցկացված և Ալցհեյմերի հիվանդության ասոցիացիայի 2026 թվականի միջազգային համաժողովում (AAIC) ներկայացված հետազոտությունը ցույց է տվել նաև, որ բարձր կարգի նախկին խաղացողներն ավելի հաճախ են հայտնել պլանավորելու, կենտրոնանալու, խնդիրներ լուծելու և առօրյա առաջադրանքները հաղթահարելու ունակության նվազման մասին (ֆուտբոլով չզբաղվածների համեմատ)։

Այնուամենայնիվ, այս տարբերություններն ի հայտ են եկել միայն սեփական ինքնազգացողության նկարագրության մեջ. հիշողության և մտածողության օբյեկտիվ թեստերը երկու խմբերի միջև հստակ տարբերություններ չեն հայտնաբերել։

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) լուսանկարները ցույց են տվել ուղեղի կառուցվածքային տարբերություններ որոշ նախկին խաղացողների և առողջ ստուգիչ խմբի միջև, այդ թվում՝ ֆուտբոլիստների մոտ ուղեղի ծավալի փոքրացման նշաններ։

Ընդ որում, հետազոտողները զգուշացնում են, որ թեև արտահայտված ախտանիշներն ու ուղեղի ծավալի փոփոխությունները կարող են վկայել վնասվածքների հետ կապված նեյրոդեգեներացիայի մասին, լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ դա միանշանակ հաստատելու համար։

«Նման հետազոտություններն օգնում են խաղացողներին, բժիշկներին և սպորտային կազմակերպություններին ավելի լավ հասկանալ հնարավոր ռիսկերը և մտածել խաղն ավելի անվտանգ դարձնելու մասին, ինչպես նաև մարդկանց հնարավորություն են տալիս կայացնել իրազեկված որոշումներ», — ասել է Ալցհեյմերի հիվանդության ասոցիացիայի գիտական հարցերով տնօրեն Մարիա Ս. Կարիլյոն։

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ամեն օր ֆուտբոլ են խաղում, և թեև ցանկացած ֆիզիկական ակտիվություն ընդհանուր առմամբ օգտակար է առողջության համար, այս սպորտաձևը կարող է գլխի վնասվածքների աղբյուր դառնալ։

Խաղացողների գլուխը ենթարկվում է կրկնվող հարվածների, ինչը տեղի է ունենում ինչպես գլխով խաղալու թեթև դեպքերում, այնպես էլ մրցակցի մարմնին կամ գետնին բախվելու ծանր պահերին։

«Մասնակիցներին ժամանակի ընթացքում դիտարկելով՝ մենք հույս ունենք ավելի լավ հասկանալ, թե ինչպես են գլխին հասցվող կրկնվող հարվածներն ազդում ուղեղի երկարաժամկետ առողջության վրա։ Դա նաև կօգնի գտնել սպորտում հնարավոր ռիսկերի նվազեցման ճանապարհները», — նշել է Մեծ Բրիտանիայի Դեմենցիայի հետազոտությունների ինստիտուտից Թոմաս Պարկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll