200 մարդ ՄԻԱՎ-հետազոտություն է անցել. երկու դեպքում վարակի առկայությունը հաստատվել է

24 նոյեմբերի, 2014  16:32

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» հանրային միջոցառումը` միանալով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթին: 

Միջոցառման շրջանակներում նոյեմբերի 21-23, համապատասխանաբար Բաղրամյան 1, Կորյունի 19ա շենքերին հարող տարածքներում և Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող հրապարակում, Երեւանի մոտ 200 անցորդներ (յուրաքանաչյուրն ընդամենը 20 րոպեի ընթացքում) հնարավորություն ունեցան հետազոտվել եւ իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Հետազոտության արդյունքում անցորդների մոտ բացահայտվել է ՄԻԱՎ դրական 2 դեպք: Նրանք ստացել են համապատասխան աջակցություն եւ ուղեգրվել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն:

Նախա- եւ ետթեստային խորհրդատվությունն ու հետազոտությունը իրականացվում էր շարժական բուժախտորոշիչ կլինիկայում՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից, ինչի շնորհիվ ապահովվում էր հետազոտության գաղտնիությունը:

Հետազոտությունն անանուն էր, անվճար և գաղտնի:

«Հաշվի առնելով Հայաստանից դեպի ՄԻԱՎ վարակի մեծ տարածվածություն ունեցող երկրներ միգրացիայի բարձր մակարդակը` խնդիրն ավելի լուրջ է դառնում մեր քաղաքացիների համար: Դրա մասին է վկայում տարեց տարի գրանցված նոր դեպքերի թվի աճը», - նշեց «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ համանախագահ  Էլինա Ազարյանը:

Միջոցառումն իրականացվում էր ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, “AIDS healthcare foundation” կազմակերպության օժանդակությամբ:

Նմանատիպ միջոցառում է նախատեսվում իրականացնել նաեւ Երևանի պետական համալսարանին հարող տարածքում նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-17:00:

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությ ան տվյալներով՝ մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 2/3 չգիտի իր կարգավիճակի մասին: Մեզանից շատերի համար ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը տարօրինակ եւ անսովոր է թվում: Հասարակության մեջ ճանաչված և սիրված հաղորդավար Եգոր Գլումովը, միանալով միջոցառումների շարքին, իր օրինակով ցույց տվեց, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելն ամենևին էլ ամոթ և վախենալու չէ, այլ հակառակը՝ սեփական Հակառետրովիրուսային բուժման հասանելիության պայմաններում ՄԻԱՎ վարակի հետ կապված մահացությունը Հայաստանում մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերումով, և հետևաբար, բուժումն ուշ սկսելով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը նախքան հիվանդության կլինիկական դրսևորումների ի հայտ գալը: Հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ժամանակին ստանալու բուժում, խնամք, աջակցություն տրամադրող ծառայություններ, նաև նպաստում է ՄԻԱՎ վարակի հետագա տարածման կանխմանը:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր երբեւէ օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, ունեցել են ռիսկային սեռական կապեր (երբ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջ կարգավիճակը) առանց պահպանակի, երբեւէ հիվանդացել են որեւէ սեռավարակով, ունեցել են զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է որեւէ սեռավարակ, ունեն պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնող զուգընկերներ, ունեն վիրուսային հեպատիտներ B կամ C: Այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է եւ անհրաժեշտության դեպքում բուժում ստանալը:

1988թ. մինչև 2014թ. հոկտեմբերի 31ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1906 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013թ.  ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:

Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում