Շվեդ գիտնականները լայնածավալ հետազոտություն են անցկացրել ավելի քան 2 միլիոն նորածինների մասնակցությամբ և պարզել, որ ծնվելուց հետո K վիտամինի ստանդարտ ներարկում չստացած երեխաները կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում զգալիորեն ավելի հաճախ են բախվում լուրջ արյունահոսությունների, ներառյալ կյանքի համար վտանգավոր ներգանգային արյունազեղումների։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics բժշկագիտական հանդեսում։
Հեղինակները վերլուծել են Շվեդիայում 2003-2021 թվականն ընկած ժամանակահատվածում հղիության 35 շաբաթական և ավելի ժամկետում ծնված երեխաների տվյալները։ Հետազոտողները գնահատել են՝ արդյոք նորածինները ծնվելիս ստացե՞լ են K վիտամինի կանխարգելիչ ներարկում, իսկ այնուհետև հետևե՞լ են արյունահոսության դեպքերին կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում։
Չնայած այն հանգամանքին, որ K վիտամինի ներարկումից հրաժարվելն արդեն հազվադեպ երևույթ է, դրա հաճախականությունը հետազոտության ժամանակահատվածում ավելի քան կրկնապատկվել է՝ 2006 թվականի 0,66%-ից 2021 թվականին հասնելով 1,50%-ի։
Հետազոտության մեջ ներառված ավելի քան 2 միլիոն նորածիններից 24 հազար 89-ը K վիտամինի ստանդարտ միջմկանային ներարկում չեն ստացել։ Այդ երեխաների շրջանում կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում ցանկացած արյունահոսության ախտորոշման հավանականությունը մոտ 1,5 անգամ ավելի բարձր է եղել, իսկ ներգանգային արյունազեղման զարգացման վտանգը գրեթե երեք անգամ ավելի բարձր է եղել, քան այն նորածինների շրջանում, որոնց ներարկվել է դեղամիջոցը։
K վիտամինն անհրաժեշտ է արյան մակարդման սպիտակուցների ակտիվացման համար, որոնք ապահովում են թրոմբների առաջացումը և արյունահոսության դադարեցումը։ Նորածինները բնությունից վիտամին K-ի շատ ցածր պաշարներ ունեն, քանի որ ընկերքի (պլացենտայի) միջոցով այն շատ քիչ է փոխանցվում, մայրական կաթը պարունակում է այս վիտամինի փոքր քանակություն, իսկ երեխայի աղիքային միկրոֆլորան դեռևս ի վիճակի չէ այն ինքնուրույն արտադրել բավարար քանակությամբ։
Եթե ծնողները հրաժարվում են ներարկումից կամ երեխան ունի որոշակի հիվանդություններ, օրինակ՝ հեմոֆիլիա, բժիշկները կարող են նշանակել K վիտամին՝ բերանից կուլ տրվող կաթիլների տեսքով։ Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ ներարկման փոխարեն կաթիլներ ստացած նորածինների շրջանում արյունահոսությունների վտանգն ավելի քան երկու անգամ բարձր է եղել, քան այն երեխաների շրջանում, որոնց ներարկում են արել։ Հետազոտողների կարծիքով՝ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ կաթիլներն անհրաժեշտ է ընդունել ամեն շաբաթ՝ մի քանի շաբաթվա ընթացքում, ուստի բուժման սխեմայի խախտման կամ բացթողման հավանականությունը զգալիորեն ավելի մեծ է։
Ներգանգային արյունազեղման ամենամեծ վտանգը նկատվել է կյանքի առաջին 28 օրվա ընթացքում։
Հեղինակները նշում են, որ ստացված արդյունքները լրացնում են արյունահոսությունների կանխարգելման նպատակով նորածիններին K վիտամինի հնամոլական ներմուծման կարևորության վերաբերյալ առկա ապացույցները։ Նրանք միաժամանակ ընդգծում են այդ ընթացակարգի օգուտների մասին ծնողների իրազեկվածության բարելավման անհրաժեշտությունը և կոչ են անում լրացուցիչ հետազոտություններ անցկացնել Kվիտամինով կանխարգելումից հրաժարվելու պատճառների, ինչպես նաև այդ որոշման և բժշկական այլ որոշումների, դրանց թվում՝ երեխաների պատվաստման միջև հնարավոր կապի վերաբերյալ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում