• Latest news

Օդի աղտոտվածությունն ի վիճակի է ուժեղացնել ռևմատոիդ արթրիտի ախտանիշները. Annals of the Rheumatic Diseases

5 օգոստոսի, 2026  18:42

Օդի աղտոտվածությունը, հատկապես PM2.5 մանրամասնիկներով, կապված է ռևմատոիդ արթրիտի ակտիվության բարձրացման և հիվանդության սրման ռիսկի մեծացման հետ։ Նման եզրահանգման են եկել Հարավային Կորեայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of the Rheumatic Diseases  բժշկագիտական հանդեսում:

Ռևմատոիդ արթրիտը խրոնիկական աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը գրոհում է հոդերի հյուսվածքները՝ բորբոքում և վնասվածք առաջացնելով։ Հիվանդությունն ի վիճակի է ախտահարել նաև այլ օրգաններ և ուղեկցվում է համակարգային ախտանիշներով:

Սեուլի ազգային համալսարանի հետազոտողները չորս տարվա ընթացքում դիտարկել են ռևմատոիդ արթրիտով 1070 բուժառուի՝ վերլուծելով բժիշկներին նրանց ավելի քան 12 հազար 500 այցելությունների տվյալները: Նրանք համադրել են բուժառուների վիճակը օդի վեց հիմնական աղտոտիչների, ներառյալ՝ ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, օզոնի, շմոլ գազի, ինչպես նաև PM10 և PM2.5 կոշտ մասնիկների մակարդակների հետ:

Գիտնականներն ամենաուժեղ կապը հայտնաբերել են հենց PM2.5-ի՝ 2,5 միկրոմետրից փոքր չափերով աղտոտման մանրագույն մասնիկների հետ, որոնք պարունակում են ծխի, մրի և փոշու մեջ: Այդ մասնիկների բարձր խտացումների տևական ազդեցությունը, հատկապես անընդմեջ ավելի քան երկու շաբաթ, ուղեկցվել է հիվանդության ակտիվության աճով և սրացումների վտանգի բարձրացմամբ:

Գիտնականները պարզաբանել են, որ PM2.5 մասնիկներն այնքան փոքր են, որ կարող են թոքերից ներթափանցել արյան շրջանառության համակարգ և տարածվել օրգանիզմով մեկ: Այնտեղ դրանք ունակ են խթանել թթվածնի ակտիվ ձևերի առաջացումը, ինչը հանգեցնում է բջջային սթրեսի և բորբոքային գործընթացների:

Աշխատության հեղինակների գնահատմամբ՝ արդյունքները ցույց են տալիս, որ օդի որակը կարող է ռևմատոիդ արթրիտի ընթացքի վրա ազդող գործոններից մեկը լինել: Նրանք խորհուրդ են տալիս այդ հիվանդությունն ունեցող բուժառուներին խուսափել աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող վայրերում երկարատև գտնվելուց:

Ընդ որում, հետազոտողները նշում են, որ եզրահանգումներն առայժմ հիմնված են Հարավային Կորեայի բուժառուների տվյալների վրա, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ այլ երկրներում և բնակչության տարբեր խմբերի շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll