• Latest news

Գիտնականները պարզել են, թե հիվանդությունների ռիսկի տեսանկյունից առաջնեկներն ինչով են տարբերվում կրտսեր երեխաներից

5 օգոստոսի, 2026  20:36

Ծննդյան հերթականությունը կարող է կապված լինել որոշ հիվանդությունների ռիսկերի տարբերությունների հետ, պարզել են գիտնականները։ Լայնամասշտաբ հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature Health բժշկագիտական հանդեսում, նրանք հայտնաբերել են, որ առաջնեկների շրջանում ավելի հաճախ են գրանցվել նյարդային համակարգի զարգացման և ալերգիկ հիվանդություններին առնչվող ախտորոշումներ, մինչդեռ երկրորդ երեխաների շրջանում ավելի հաճախ մարսողության խանգարումներ և հոգեակտիվ նյութերի օգտագործմանն առնչվող խնդիրներ են հանդիպել։

Հետազոտողները վերլուծել են երկու երեխա ունեցող մոտ 5 միլիոն ընտանիքների ավելի քան 10 միլիոն մարդու բժշկական տվյալներ Merative MarketScan բազայում, որը ներառում է տեղեկություններ հոսպիտալացումների, ամբուլատոր բուժման և դուրս գրված դեղորայքի մասին։

Գիտնականները համեմատել են քույրերին և եղբայրներին ինչպես մեկ ընտանիքի ներսում, այնպես էլ տարբեր ընտանիքների միջև՝ նվազեցնելու համար մի շարք գործոնների ազդեցությունը, մասնավորապես՝ ծնողների գենետիկան, բնակության վայրը, սոցիալ-տնտեսական պայմանները և դաստիարակության առանձնահատկությունները։

Ամենաակնառու տարբերությունները հայտնաբերվել են առաջնեկների շրջանում: Նրանց մոտ ավելի հաճախ գրանցվել են.

  • աուտիստական սպեկտրի խանգարումներ,
  • ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ (ՈւՊՀՀ),
  • ջղաձգություններ և Տուրետի համախտանիշ,
  • սննդային ալերգիա,
  • ալերգիկ ռինիտ։

Երկրորդ երեխաների շրջանում, ընդհակառակը, ավելի հաճախ նկատվել են.

  • աղեստամոքսային համակարգի հիվանդություններ, ներառյալ գաստրիտ և դուոդենիտ,
  • հոգեակտիվ նյութերի օգտագործմանն առնչվող խանգարումներ,
  • որոշ վարակիչ հիվանդություններ, ներառյալ գոտեորքինը (herpes zoster)։

Գիտնականները նշում են, որ նախորդ հետազոտություններն արդեն ցույց էին տվել, որ կրտսեր երեխաները սովորաբար ենթակա են ալերգիկ հիվանդությունների ավելի ցածր ռիսկի։ Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ նրանք վաղ տարիքից ավագ քույրերի և եղբայրների միջոցով ավելի շատ են շփվում մանրէների հետ, ինչը կարող է նպաստել իմունային համակարգի ձևավորմանը և ալերգիայի նկատմամբ կայունության զարգացմանը։

Սակայն հեղինակները շեշտում են՝ ծննդյան հերթականությունը հիվանդությունների պատճառ չէ: Հետազոտությունը ցույց է տալիս միայն վիճակագրական կապեր։ Արդյունքների վրա կարող են ազդել բժշկական օգնության դիմելու տարբերությունները, ծնողների տարիքը, տարբեր սերունդների առանձնահատկությունները և այլ գործոններ:

Բացի դրանից, աշխատությունը ներառել է միայն երկու երեխա ունեցող ընտանիքներ, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ բնակչության առավել բազմազան խմբերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll