Ոչ թե գաջեթները, այլ քունը. գիտնականները գտել են դեռահասների հոգեկան առողջության գլխավոր գործոնը

5 օգոստոսի, 2026  22:38

Քնի որակը կարող է ավելի ուժեղ ազդել դեռահասների ուսման առաջադիմության և հասակակիցների հետ նրանց հարաբերությունների վրա, քան էկրանների առջև անցկացրած ժամանակը, ֆիզիկական ակտիվությունը և սնունդը։ Նման եզրահանգման են եկել Դևիսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Medicine բժշկագիտական հանդեսում:

Հետազոտողներն ուսումնասիրել են, թե կենսակերպի չորս գործոնները՝ քնի որակը, գաջեթների օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը և սնունդը, ինչպես են կապված 10–13 տարեկան երեխաների առօրյա կյանքի վրա տագնապայնության, դեպրեսիայի և հոգեբանական այլ խնդիրների ազդեցության հետ։

Պարզվել է, որ հենց քունն է եղել ամենաուժեղ գործոնը, որը կապված է ավելի լավ առաջադիմության և սոցիալական ավելի քիչ խնդիրների հետ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է էկրանային ժամանակը։

Գիտնականներն օգտագործել են Adolescent Brain Cognitive Development (ABCD) լայնամասշտաբ հետազոտության տվյալները, որին մասնակցում են երեխաներ և դեռահասներ ԱՄՆ-ից։ Նրանք հայտնաբերել են, որ առողջ ապրելակերպի սովորությունները կարող են բացատրել հոգեկան դժվարությունների և ուսման կամ շփման մեջ ի հայտ եկող խնդիրների միջև կապի զգալի մասը։

Առավել նկատելի է եղել քնի դերը.

քնի որակը բացատրել է տագնապայնության և ուսման առաջադիմության վատթարացման միջև կապի շուրջ 36%-ը, դեպրեսիվ ախտանիշների և դպրոցական դժվարությունների միջև կապի մոտ 18,5%-ը, հոգեկան խանգարման ախտանիշների և ուսման խնդիրների միջև կապի շուրջ 8%-ը։

Էկրանային ժամանակը ևս նշանակություն է ունեցել, սակայն դրա ազդեցությունն ավելի թույլ է եղել։ Այն բացատրել է տագնապայնության, դեպրեսիայի և առօրյա գործունեության վատթարացման միջև կապի շուրջ 5–6%-ը։ Ֆիզիկական ակտիվությունը և սնունդը նվազ կարևոր գործոններ են եղել։

Հեղինակների գնահատմամբ՝ ծնողները, ուսուցիչները և բժիշկները հաճախ կենտրոնանում են հենց տագնապի և դեպրեսիայի ախտանիշների վրա, սակայն դեռահասների և նրանց ընտանիքների համար պակաս կարևոր չէ այն, թե ինչպես են այդ վիճակներն անդրադառնում իրական կյանքի՝ ուսման, ընկերության և ամենօրյա խնդիրները հաղթահարելու կարողության վրա։

Գիտնականները շեշտում են, որ առողջ քունը չի փոխարինում հոգեկան խանգարումների դեպքում ցուցաբերվող մասնագիտական օգնությանը։ Ընդսմին, քնի ճիշտ ռեժիմի ձևավորումը կարող է դեռահասների հուզական վիճակին աջակցելու հասանելի միջոց դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում