Հատուկ բարձ՝ թթվային ռեֆլյուքսով տառապողների համար

25 նոյեմբերի, 2014  11:34

Բանից պարզվում է՝ հատուկ բարձի վրա քնելով՝ կարելի է գիշերային ժամերին ի հայտ եկող թթվային ռեֆլյուքսից խուսափել: Ճիշտ է՝ արտադրողի կողմից «քնի ընթացքում մարմնի ճիշտ տեղակայման սարք» անվանումը ստացած բարձը դեռեւս մշակման վաղ փուլերն է անցնում, բայց շուկա հանվելու պարագայում կարող է, փորձագետների պնդմամբ, թթվայնություն նվազեցնող դեղամիջոցների եւ նույնիսկ վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը վերացնել: 

Բժիշկներին վաղուց է հայտնի, որ գլուխը մարմնից բարձր դիրքում քնելով կարելի է ստամոքսա-կերակրափողային ռեֆլյուքսի ախտանշանների նվազեցման հասնել: Սակայն դրա համար նախատեսված սեպանման բարձերը հարմարավետությամբ աչքի չեն ընկնում եւ գիշերային ժամերին կարող են պահանջվող՝ ուղիղ դիրքի փոփոխության հանգեցնել:

Դեռեւս մի քանի տարի առաջ Քլիվլենդի կլինիկայի բժիշկներից մեկը խնդրի լուծման բոլորովին այլ մոտեցում էր ընտրել: Նա հետազոտություն էր նախաձեռնել՝ պարզելու համար, թե արդյոք ձախ կողքի թեքված քնելով կարելի է ռեֆլյուքսին հատուկ ախտանշանների նվազեցում ապահովել:

«Նրան հաջողվել էր պարզել, որ ձախ թեքվածությամբ պառկած դիրքը սննդի եւ թթուների՝ փականից առանձնացման է հանգեցնում, ինչը նշանակում է, որ նվազ քանակով թթուներ կարող են կերակրափող վերադառնալ», - մեկնաբանել է գաստրոէնտերոլոգ Սքոթ Գաբարդը:

Սակայն ողջ գիշերվա ընթացքում պարզապես անհնար է նույն՝ ձախ կողմի վրա թեքված վիճակում մնալ. ահա հենց այստեղ էլ «մարմնի բարձն» է օգնության գալիս:

Բժշկական սարքավորումների արտադրությամբ զբաղվող Amenity Health ընկերության ինժեներներից մեկի ջանքերով նախագծված սարքի միջոցով մշտապես ձախ կողմի վրա եւ գլուխը բարձր քնելը կարող է հնարավոր դառնալ: Իրականում այն ավելին է, քան սովորական բարձը, քանի որ մարմնին անհրաժեշտ տեղակայում հաղորդելու տեխնիկական խնդիրն է լուծում:

Սակայն արյո՞ք այն հարմար կլինի՝ ողջ գիշերվա համար:

Գիշերային ռեֆլյուքսը նվազեցնելու հարցում բարձի դրսեւորած արդյունավետությունը մոտավորապես մեկ տարի առաջ՝ Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանում է ստուգվել: Ընդ որում, առողջ մասնակիցների նկատմամբ հետազոտության ընթացքում նաեւ նրանց՝ ողջ գիշերվա ընթացքում անշարժ եւ հարմարավետ քնելու հնարավորության առկայությունն է իր հաստատումը գտել: 

Այդուհանդերձ, Քլիվլենդի կլինիկան ներկայացնող փորձագետներին առավելապես ստամոքսա-կերակրափողային ռեֆլյուքսի ախտանշաններ դրսեւորող եւ դեղամիջոցներ ընդունող հիվանդների նկատմամբ փորձարկումներն են հետաքրքրել: Հետազոտության մասնակիցները երկու շաբաթ շարունակ ամեն գիշեր առաջարկվող բարձի վրա են քնել եւ դրա վերաբերյալ տպավորությունները կիսել:

«Մասնակիցների արձագանքներն այն մասին են վկայում, որ սարքի օգնությամբ կարելի է հիմնական ախտանշանների՝ այրոցի եւ հետհոսքի նվազեցման հասցնել: Բացի այդ, մասնակիցները հանգիստ քնի, իսկ հաջորդող օրերին՝ ոչ այնքան գրգռված ու հոգնած վիճակի մասին են խոսել: Կամավորներից մի քանիսը նախքան փորձարկման մեկնարկն այնպիսի բարդ վիճակում էին գտնվում, որ մինչ այժմ միայն վիրաբուժական միջամտությունը կարող էր օգնել: Թեեւ մեր հետազոտություններն էլ ոչ վաղ անցյալում են մեկնարկել, եւս սարքի երկարաժամկետ ազդեցությունները դեռեւս անհայտ են մնում», - նշել է դոկտոր Գաբարդը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում