• Latest news

Ավագ, թե՞ կրտսեր երեխա. ծննդյան հերթականությունն ազդում է առողջության վրա

13 օգոստոսի, 2026  18:42

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծննդյան հերթականությունը հիվանդությունների ռիսկի հետ շատ ավելի լայնորեն է փոխկապված, քան նախկինում համարվում էր:

Գիտնականները վերլուծել են երկու երեխա ունեցող ընտանիքների ավելի քան 10 միլիոն մարդու տվյալներ և բացահայտել են զգալի կապեր 150 հիվանդությունների դեպքում՝ հոգեկան խանգարումներից մինչև մարսողության խնդիրներ:

Nature Health բժշկագիտական հանդեսում հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ առաջնեկների շրջանում ավելի հաճախ են առաջանում նեյրոզարգացման խանգարումներ, մասնավորապես՝ աուտիզմը և ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (Attention deficit hyperactivity disorder, ADHD), ինչպես նաև իմունային համակարգին առնչվող ալերգիաներ:

Նրանց մոտ նաև ավելի հաճախ է ախտորոշվում Տուրետի համախտանիշ՝ նյարդային համակարգի հիվանդություն, որը սկսվում է մանկության տարիներին, ինչպես նաև օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (Obsessive–compulsive disorder, OCD), ակնե և ասթմա: Կրտսեր եղբայրների և քույրերի շրջանում, հակառակը, ավելի բարձր է հոգեակտիվ նյութերի չարաշահման, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և որոշ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես՝ գոտևորող որքինը, նկատմամբ ընկալունակությունը, հաղորդում է Euronews-ը:

Հեղինակները նշում են, որ ֆիզիոլոգիական, իմունոլոգիական և սոցիալական մեխանիզմների համադրությունը, հավանաբար, ընկած է ծննդյան հերթականության և հիվանդությունների ռիսկի միջև կապի հիմքում:

Իմունաալերգիկ և շնչառական հիվանդությունների, մասնավորապես՝ խոտատենդի, մաշկախտի և ասթմայի վերաբերյալ հետազոտության մեջ նշվում է, որ առաջնեկների մոտ ռիսկը բարձր է մանրէների հետ վաղ շփման պակասի պատճառով, ինչն ունեն նրանց կրտսեր եղբայրներն ու քույրերը:

Վաղ տարիքից կրտսեր երեխաները բախվում են մանրէների ավելի լայն սպեկտրի հետ, որոնք ավագները բերում են տուն, և նման վաղ շփումը կարևոր է իմունային կարգավորման և տոլերանտության ձևավորման համար:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ կրտսեր երեխաների համար պաշտպանիչ ազդեցությունն ավելի ուժեղ է արտահայտված, երբ եղբայրների և քույրերի միջև տարիքային տարբերությունն ավելի փոքր է, ինչն ամրապնդում է մանրէների ուղղակի փոխանցման վարկածը:

Ինչպես նշում են հեղինակները, ընտանիքում երկրորդ երեխաների մոտ հոգեակտիվ նյութերի չարաշահման բարձր ռիսկը հաճախ բացատրվում է սոցիալական գործոններով՝ ավագ եղբոր կամ քրոջ վարքագծի ընդօրինակմամբ և ռիսկային վարքագծի հանդեպ կրտսեր երեխաների բնական հակվածությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll