Սպիտակուցների օգտագործման նվազեցումը կարող է երկար ու առողջ կյանքի բանալին լինել: Նոր հետազոտության հեղինակները հերքում են առողջ ապրելակերպի մասին ամենատարածված պատկերացումներից մեկը:
Սպիտակուցային փոշիներից մինչև բարձր սպիտակուցային պարունակությամբ հացահատիկային սալիկներ. «proteinmaxxing» տրենդը (մեծ քանակությամբ սպիտակուցների օգտագործումը) դարձել է տասնամյակի գլխավոր առողջարար միտումներից մեկը: Սակայն, քանի որ աշխարհի բնակչությունը ծերանում է, նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ սպիտակուցների ավելի չափավոր օգտագործումը կարող է ավելի խելամիտ ուղի լինել դեպի երկար և առողջ կյանք:
Վերլուծելով ավելի քան 300 հետազոտություն՝ ԱՄՆ Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ թեև պաշտոնական ուղեցույցները հաճախ բարձր սպիտակուցային սննդակարգ են խորհուրդ տալիս, նոր տվյալները վկայում են հակառակի մասին. սպիտակուցի կրճատումն իրականում կարող է նվազեցնել տարիքային հիվանդությունների (օրինակ՝ շաքարախտի և քաղցկեղի) զարգացման ռիսկը, հաղորդում է Euronews-ը:
«Միանգամայն ակնհայտ է, որ սպիտակուցն օգտակար է մկանների աճի և ֆիզիկական ծանրաբեռնվածությանն արձագանքելու համար ակտիվ մարդկանց շրջանում: Սակայն մարդկանց մեծամասնությունը նստակյաց կյանք է վարում և, հավանաբար, օգտագործում է ավելի շատ սպիտակուց, քան իրականում անհրաժեշտ է, ինչն ակնհայտորեն բացասական հետևանքներ ունի առողջության համար»,- նշել է հետազոտության հեղինակ Դադլի Լեմինգը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ցածր սպիտակուցային դիետան բարելավում է նյութափոխանակությունը՝ ճարպային հյուսվածքի նվազման, էներգիայի ծախսի մեծացման և արյան մեջ շաքարի ավելի կայուն մակարդակի հաշվին:
Այս դրական արդյունքը մեծամասամբ կապված է «պաշտպանիչ» կոչվող FGF21 հորմոնի ազդեցության հետ. դրա մակարդակը բարձրանում է սպիտակուցի ցածր օգտագործման դեպքում և օգնում է օրգանիզմին ավելի արդյունավետ ծախսել էներգիան:
Աշխատության մեջ ընդգծվում է, որ նման սննդակարգը բոլորին չէ, որ հարմար է: Սպիտակուցը սահմանափակել խորհուրդ չի տրվում. հղի կանանց, աճող օրգանիզմ ունեցող երեխաներին, տարեց մարդկանց, ծանր վնասվածքներից ապաքինվողներին:
Սպիտակուցի օգտագործման կրճատումն օգնում է օրգանիզմին անցնել «վերանորոգման և մաքրման» ռեժիմի, որը կոչվում է աուտոֆագիա: Այդ գործընթացի ընթացքում բջիջներից հեռացվում է «բջջային աղբը» (վնասված սպիտակուցները և այլ թերություններ ունեցող տարրերը), ինչն օգնում է դրանց ավելի երկար երիտասարդ մնալ:
Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնակչության համար սպիտակուցի օգտագործման ուղենիշային մակարդակ են սահմանում օրական 0,83 գրամ՝ մարմնի քաշի մեկ կիլոգրամի դիմաց: Թեև ըստ թուլատրելի սահմանաչափի՝ կրկնակի գերազանցող չափաբաժինը համարվում է անվտանգ, շատ բարձր չափաբաժինների ազդեցության մասին տվյալները դեռևս հակասական են:
«Ամենայն հավանականությամբ, մենք պետք է անհատականացնենք սպիտակուցի օգտագործման խորհուրդները՝ հաշվի առնելով ոչ միայն տարիքը, այլև ֆիզիկական ակտիվության մակարդակը»,- եզրափակել է Լեմինգը: Կլինիկական հետազոտողները դեռ պետք է մշակեն «յուրաքանչյուրին համապատասխանող» սննդակարգեր՝ ելնելով կոնկրետ մարդկանց առողջական վիճակից և կենսակերպից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day