Խոր քնի որակը կարող է ազդել օրգանիզմի՝ սթրեսը հաղթահարելու ունակության վրա։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները՝ ուսումնասիրելով մկների ուղեղի ակտիվությունը քնի ժամանակ։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Neuroscience գիտական հանդեսում։
Մորհաուսի բժշկական դպրոցի հետազոտողները կենտրոնացել են պրոլիմբիկ կեղևի վրա՝ ուղեղի այն հատվածի, որն օգնում է կապել հուզական արձագանքները տեղի ունեցողի համատեքստի հետ։ Այն մկների շրջանում, որոնք ավելի լավ էին տանում սթրեսային սոցիալական իրավիճակները, խոր քնի ժամանակ այս շրջանում նեյրոնների ակտիվության ավելի արտահայտված ճնշում է նկատվել:
Հատկապես կարևոր է եղել դանդաղալիքային քնի շրջանը, որը համարվում է քնի ամենախոր փուլը։ Հենց դրա ընթացքում նեյրոնների ակտիվության ճնշման բնույթն էր թույլ տալիս կանխատեսել, թե որքան սթրեսակայուն կլինի կենդանին:
Սթրեսային փորձառությունից հետո մկների շրջանում փոխվել էր նաև պրոլիմբիկ կեղևում նյարդային ակտիվության կազմակերպումը. վերաբաշխվել էր նեյրոնների աշխատանքի արագությունը: Գիտնականների կարծիքով՝ խոր քունը կարող է ապահովել ուղեղի մեխանիզմների յուրահատուկ «կարգավորում», որոնք օգնում են վերահսկել սթրեսի նկատմամբ հուզական արձագանքը։
«Ըստ ամենայնի, քնի որակը որոշում է, թե ինչպես է պրոլիմբիկ կեղևը ճնշում հուզական արձագանքները»,- նշել է հետազոտության ղեկավար Քրիստոֆեր Էլենը:
Գիտնականները ենթադրում են, որ սթրեսի նկատմամբ առավել խոցելի կենդանիները կարող են ավելի պակաս խոր քնել, մինչդեռ խոր քունն օգնում է պահպանել ուղեղի՝ սթրեսային իրավիճակներին արդյունավետ արձագանքելու կարողությունը։
Հաջորդ փուլում հետազոտողները մտադիր են պարզել՝ արդյոք կփոխվի՞ սթրեսակայուն մկների պրոլիմբիկ կեղևի աշխատանքը, եթե նրանց զրկեն քնից։ Ապագայում արդյունքները կարող են օգնել գտնել սթրեսի նկատմամբ մարդու բարձր դիմացկունության կամ, ընդհակառակը, խոցելիության նեյրոկենսաբանական նշանները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day