Մադագասկարում կայծակնային տեմպերով ժանտախտ է տարածվում

26 նոյեմբերի, 2014  20:57

Մադագասկարում արագ տեմպերով այտուցային ժանտախտ է տարածվում: Ներկայիս դրությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, հիվանդության զոհերի թիվը 47-ի է հասել, վարակվածներինը՝ 138-ի:

Բնական օջախներում ինֆեկցիայի հարուցիչի աղբյուրները տարատեսակ կրծողներ են, իսկ փոխանցողը՝ լուն: Վարակված լվի խայթոցից հետո մարդու մոտ այտուցային կամ թոքային ժանտախտի առաջացում է հրահրվում, որից հետո էլ հիվանությունը սկսում է հազի միջոցով փոխանցվել:

Վաղ ախտորոշման դեպքում այտուցային ժանտախտը հնարավոր է հակաբիոտիկների օգնությամբ բուժել, մինչդեռ թոքայինը շարունակում է ամենավտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններից մեկը մնալ՝ վարակման պահից 24 ժամ անց մահն է վրա հասնում, հաղորդում է The Daily Mail-ը:

Ամեն տարի ժանտախտով վարակվածների թիվը ողջ աշխարհում շուրջ 2,5 հազարի է հասնում: Այդ տեսանկյունից Մադագասկարն աշխարհի ամենախնդրահարույց երկրներից մեկն է հանդիսանում. հիվանդության բռնկումներն այստեղ չափազանց հաճախակի են գրանցվում: 2013թ.-ի դեկտեմբեր ամսին երկրի մարզերից 5-ը 39 մարդու կյանքը խլած վարակի ճիրաններում էին հայտնվել: 

Սակայն այս տարի ինֆեկցիայի տարածման անսովոր բարձր արագություն է նկատվում: ԱՀԿ-ն ներկայացնող մասնագետները մի քանի պատճառ են նշում՝ երեւույթի համար: Դրանցից առաջինը բնակչության բարձր խտությունն է՝ թույլ զարգացած առողջապահության համակարգի ֆոնին: Բացի այդ էլ, Մադագասկարի իշխանությունների՝ ինֆեկցիան փոխանցող լվերի դեմ բազմամյա պայքարը միջատների՝ ինսեկտիցիդների նկատմամբ իմունիտետի ձեւավորման է հանգեցրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում