Հիվանդի կյանքը բարելավելու հնարավորություն. դեպք պլաստիկ վիրաբույժի պրակտիկայից

26 նոյեմբերի, 2014  21:55

Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության շնորհիվ կարելի է ոչ միայն մարդու արտաքինը, այլեւ կյանքը փոխել: Այսպիսի համոզմումք պլաստիկ վիրաբույժ, Բալտիմորի համալսարանի պրոֆեսոր Ռիկարդո Ռոդրիգեսն ունի: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նա մի հետաքրքիր դեպք է պատմել՝ իր պրակտիկայից: 

3 տարի առաջ, երբ վիրաբույժն առաջին էր անգամ Հայաստան ժամանել, վթարի արդյունքում գանգի միջանցիկ կոտրվածք ստացած մի կին էր նրա օգնությանը դիմել:  

Կինը սարսափելիորեն բարդույթավորվել էր՝ դեֆորմացիայի պատճառով. երբեք հայացքը գետնից չէր բարձրացնում, ոչ ոքի դեմքին չէր նայում: «Երբ մեր խոսակցությունից հետո դուրս եկավ կաբինետից, հանկարծ պատկերացրեցի, որ ողջ կյանքը հենց այդպես՝ առանց որեւէ մեկի դեմքին նայելու եւ ուրիշի հայացքը բռնացնելու վախով է ապրում», - պատմում է վիրաբույժը:

Ռիկարդո Ռոդրիգեսը պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանի հետ միասին վիրահատել է կնոջը, Stromal vascular fraction տեխնոլոգիայի կիրառմամբ ճարպերի փոխպատվաստում կատարել եւ միջանցիկ կոտրվածքը փակել:

Վերջերս, Երեւան կատարած հերթական այցելության ընթացքում, դոկտոր Ռոդրիգեսը կրկին հանդիպել էր կնոջը՝ վիրահատությունից 3 տարի անց վիճակը գնահատելու համար:

«Առաջին բանը, որ նկատեցի, սենյակ մտնելիս աչքերիս ուղղված հայացքն էր: Հրաշալի հագնված էր, մազերն էլ ծածկում էին արատը եւ գերազանց տեսք ապահովում», - պատմում է բժիշկն՝ ամփոփելով, որ այժմ արդեն իր առաջ բոլորովին ուրիշ կին էր կանգնած՝ ոչ բարդույթավորված եւ ճնշված, ինչպես նախկինում, այլ՝ ինքնավստահ եւ ուղիղ աչքերի մեջ նայելու պատրաստ:

«Երբ մտածում եմ նրա մասին, աչքերիս արցունքներ են հայտնվում՝ այնքան շատ բան է այդ մարդու կյանքում փոխվել: Հիմա նա անճանաչելի է դարձել. բաց է կյանքի համար եւ շփվում է բոլորի հետ», - նկատել է դոկտոր Ռոդրիգեսը:

Մասնագետի խոսքով, հենց նման դեպքերի շնորհիվ է իր մասնագիտությունն այդչափ սիրում. պլաստիկ վիրաբուժությունը, ճիշտ է, մարդու կյանք չի փրկում, բայց եւ կարող է այդ նույն կյանքը բարելավելու գերազանց հնարավորություն ընձեռել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում