Էբոլայի դեմ մշակված պատվաստանյութը հաջող փորձարկում է անցել՝ մարդկանց նկատմամբ

27 նոյեմբերի, 2014  10:31

Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ մշակված պատվաստանյութի՝ մարդկանց նկատմամբ փորձարկումները դրական արդյունքներ են տվել: Երկու տասնյակ կամավորների փորձարկային վակցինացիան ցույց է տվել, որ դեղամիջոցի բարձր չափաքանակն առանց որեւէ կողմնակի ազդեցության ապաքինվելու հնարավորություն է ընձեռում, հաղորդում է Ռիա-Նովոստին:

Պատվաստանյութը հետազոտության բոլոր մասնակիցների մոտ հզոր իմունային արձագանք է ապահովել, ասվում է ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի զեկույցի տեքստում: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ փորձարկմանը 20 չափահաս առողջ մարդիկ են մասնակցել:

Էբոլայի բուժման նպատակով փորձարկում անցած դեղամիջոցը GlaxoSmithKline ընկերության ջանքերով է մշակվում: Կազմակերպության ղեկավար Էնդրյու Ուիթթին այսպես է հետազոտության արդյունքները գնահատել. «Առաջին՝ անչափ ոգեւորիչ ազդանշանն ենք ստացել»: Նրա կարծիքով, դեռեւս ամիսների տեւողությամբ ստուգումներ են հարկավոր՝ առաջարկվող պատվաստանյութի՝ տենդի դեմ պայքարի «ճեղքման» հաստատումը գտնելու համար:

GlaxoSmithKline-ի կողմից ներկայացված դեղամիջոցի փորձարկումներն ավելի քան երկու ամիս առաջ են մեկնարկել: Ընդհանուր առմամբ, պատվաստանյութի թեստավորմանը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Մալիի եւ Շվեյցարիայի գրեթե 200 բնակիչներ են մասնակցել:

ԱՀԿ՝ նոյեմբերի 27-ի դրությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, ողջ աշխարհում հեմոռագիկ տենդով վարակման 15 935 դեպք է գրանցվել, որից 5 689-ը՝ մահվան ելքով: Տուժածները գերակշիռ մեծամասնությունը Գվինեային, Լիբերիային եւ Սիերա-Լեոնեին են բաժին հասնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում