Երևանում ընթանում է Բժշկական զբոսաշրջության առաջին Գլոբալ համաժողովը

22 սեպտեմբերի, 2026  18:39

Բժշկական զբոսաշրջության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ազդարարելով «Ճամփորդեք բուժման համար, մնացեք ապաքինվելու. երբ պացիենտները դառնում են հյուրեր» խորագրով բժշկական զբոսաշրջության առաջին Գլոբալ համաժողովի բացումը։

Նա նշել է, որ երկրում առկա են ոլորտի զարգացման մի շարք կարևոր նախադրյալներ՝ բարձրա որակավորում ունեցող բուժանձնակազմ, ժամանակակից բժշկական սարքավորումներ, բժշկական ծառայությունների մեծ պահանջարկ, ինչպես նաև հարուստ մշակութային ու զբոսաշրջային ներուժ։

Նախարարը հիշեցրել է, որ բժշկական զբոսաշրջության զարգացման ճանապարհին կարևոր քայլ էր 2024 թվականին Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ամերիկյան «Bridge» ընկերության միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Այս համաձայնագրի շրջանակում նախատեսվում է մշակել բժշկական զբոսաշրջության չափորոծիչներ, ստեղծել նման ծառայություններ մատուցողների շտեմարան, ինչպես նաև սահմանել բուժկենտրոնների հավաստագրման համապատասխան պահանջներ։

Գևորգ Պապոյանը ընդգծել է նաև ոլորտի տնտեսական մեծ ներուժը․ «Ես համարում եմ, որ ոչ միայն բժշկական զբոսաշրջությունը, առհասարակ առողջապահությունը տնտեսական շատ կարևոր ճյուղեր են։ Եվ բժշկական զբոսաշրջության զարգացումը և առհասարակ առողջապահության համակարգի զարգացումը ոչ միայն կարող է նպաստել մարդկանց տրամադրվող առողջապահական ծառայությունների ընդլայնմանը, այլ նաև զբոսաշրջության, հյուրընկալության, տրանսպորտի, հարակից բոլոր տնտեսական ոլորտների զարգացմանը, ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ»,- նշել է նա։

Լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծել է, որ բժշկական զբոսաշրջությունն տնտեսապես շատ շահութաբեր է երկրի համար, քանի որ բուժման նպատակով ժամանող մարդը երկար է մնում, հաճախ գալիս է ընտանիքի հետ, ինչն իր հետևից ձգում է ծառայությունների ողջ ոլորտը՝ հյուրանոցային, առողջարանային, ռեստորանային։ Իսկ պետությունն այսօր սուբսիդավորում է վարկերը մարզերում հյուրանոցային ոլորտի զարգացման, ինչպես նաև բուժկենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու համար։

Նա հավելել է, որ բժշկական զբոսաշրջությունն այսօր ակտիվորեն զարգանում է ողջ աշխարհում, ինչն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ։ Գլխավորը զարգացած երկրների բնակչության ծերացումն է․ այդ մարդիկ հետևում են իրենց առողջությանը և պատրաստ են ճամփորդել որակյալ ու մատչելի բուժծառայություններ ստանալու համար։ Նախարարի խոսքով՝ այն երկրները, որոնք ժամանակին ըմբռնել են այս միտումը, այսօր արձանագրում են բժշկական զբոսաշրջության տարեկան 40-50% աճ։ «Եթե մենք կարողանանք նրանց առաջարկել բարձր որակի ծառայություններ, անվտանգություն և միևնույն ժամանակ մատչելիություն, որովհետև սա ևս կարևոր հանգամանք է, ապա կկարողանանք բավականին մրցունակ դառնալ»,- ասել է Գևորգ Պապոյանը։

Նա նկատել է, որ Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելքի հարուստ երկրների հարևանությամբ, որտեղ մեծ ուշադրություն են դարձնում առողջապահական հարցերին, և մեր երկիրը կարող է հետաքրքրել այդ երկրների բնակիչներին։ Նախարարն ընդգծել է ուղիղ ավիահաղորդակցության կարևորությունը ինչպես այդ տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի հետ։ «Ավելին ասեմ, Հայաստանը հաճախ դառնում է հաբ, օրինակ, որը կապում է Ռուսաստանի Դաշնությունը Մերձավոր Արևելքի հետ, Ռուսաստանի Դաշնությունը, օրինակ, եվրոպական երկրների հետ և այլն, և այս տեսանկյունից, բնականաբար, ուղիղ չվերթների շարունակական ավելացումը մնալու է մեր քաղաքականությզն առանցքային ուղղություններից մեկը»,- հավելել է նա։

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր քարտուղար Շեյխա Ալ-Նուվայսն իր ելույթում կատակով նկատել է, որ սկզբում զարմացած էր համաժողովի մասնակիցների ջերմ ընդունելությունից, որոնց Երևանի հրապարակում դիմավորել էին մեծ համերգով։ Սակայն հետո հասկացել է, որ համերգը նվիրված էր Հայաստանի Անկախության տոնին։ «Ինձ համար մեծ պատիվ էր դառնալ այդ տոնակատարության մասնիկը»,- ասել է նա։

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանը լոկ չի խոսում բժշկական զբոսաշրջության ներուժի մասին, այլ ստեղծում է անհրաժեշտ հիմքեր՝ այս ուղղությամբ առաջատարներից մեկը դառնալու համար։

«Այս երկու օրերի ընթացքում մենք խոսելու ենք ապագայի մասին՝ արհեստական բանականության և հեռաբժշկության, անսահմանափակ առողջապահության և այնպիսի կարգավորումների մասին, որոնք պետք է համահունչ քայլեն նորարարություններին։ Եվ հենց այդ պատճառով ուրախ եմ հայտարարել, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպությունը կսկսի բժշկական զբոսաշրջության զարգացման շրջանակային ծրագրի մշակումը, որը հույս ունենք մեկնարկել 2027 թվականին։ Իսկ այստեղ՝ Հայաստանում ընթացող քննարկումները կօգնեն ձևավորել դրա բովանդակությունը»,- նշել է նա։

Լրագրողների հետ զրույցում «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ղեկավար Կոնստանտին Ղալումյանը ներկայացրել է կենտրոնի բացառիկ հնարավորությունները։ Նրա խոսքով՝ եթե նախկինում Հայաստանից պացիենտները մեկնում էին այլ երկրներ՝ ժամանակակից ճառագայթային թերապիա ստանալու համար, ապա այսօր Հայաստանն ինքն է դառնում տարածաշրջանային այն կենտրոնը, ուր բուժման նպատակով գալիս են հարևան երկրներից, մասնավորապես՝ Վրաստանից։

«Բացի դրանից, մեր հյուրընկալությունը տեսնում եք, թե զբոսաշրջության վրա, ոչ միայն բժշկական, ինչ մեծ ներդրումներ է կատարում կոնկրետ պետությունը, դա էլ է ապահովում կոնկրետ և՛ տուրիստների, և՛ բժշկական տուրիստների ներհոսք դեպի Հայաստան, և ինչու չէ նաև ներկա պահին զուտ աշխարհագրորեն հարմար իրավիճակը, որովհետև տեսնում եք տարածաշրջանում բազմաթիվ ժամանակին բժշկական տուրիզմով հայտնի երկրներում կոնֆլիկտային վիճակներ են, հիմա շուկան նոր ուղղություններ է փնտրում»,- ասել է նա։

Սաուդյան Արաբիայի բժշկական զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ահմեդ Ալ-Օրայջը լրագրողներին պատմել է, որ Հայաստանն իրեն շատ է զարմացրել։

«Ես երկրորդ անգամ եմ գալիս Հայաստան և տեսնում եմ այս երկրի հսկայական ներուժը բժշկական զբոսաշրջության ոլորտում։ Այստեղ շատ հյուրասեր մարդիկ են, հիանալի հյուրընկալություն, զբոսաշրջության իրապես լավ հնարավորություններ ողջ երկրով մեկ և հիանալի խոհանոց, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Ուստի կարծում եմ, որ սա կատարյալ վայր է և իդեալական ուղղություն այն մարդկանց համար, որոնք ցանկանում են օգտվել բժշկական զբոսաշրջությունից»,- ասել է նա՝ հավելելով, որ բժշկական զբոսաշրջության տեսանկյունից Հայաստանի համար հեռանկարային շուկաներից մեկը կարող է դառնալ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների շուկան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում