Ավելի քան 95,000 մարդու մասնակցությամբ լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացնում արագ քնի փուլում (REM), տասնյակ հիվանդությունների զարգացման վտանգն ավելի փոքր է։ Գիտնականները պարզել են նաև, որ խորը քնի մեծ տևողությունը կապված է մի շարք հիվանդությունների ցածր ռիսկի հետ, մինչդեռ օրական հինգ ժամից պակաս քունը մեծացնում է բազմաթիվ ախտաբանությունների հավանականությունը։
Չինաստանի Մայրաքաղաքային բժշկական համալսարանի գիտնականների՝ Շենչժի Սունի ղեկավարությամբ իրականացված այս ուսումնասիրությունը հրապարակվել է սեպտեմբերի 17-ին PLOS Medicine ամսագրում։
Հետազոտողները վերլուծել են բրիտանական UK Biobank բազայի 95 559 մասնակիցների տվյալները, ովքեր յոթ օր շարունակ դաստակներին կրել են շարժողական ակտիվությունը գրանցող սարքեր։ Խորը ուսուցման ալգորիթմի միջոցով մասնագետները գնահատել են արագ, խորը և մակերեսային քնի փուլերը, քնի ընդհանուր տևողությունը, քնելուց հետո արթնանալու պարբերականությունը, ինչպես նաև քնի ռեժիմի գիշերային տատանումները։
Դիտարկման միջինացված ժամանակահատվածը կազմել է 8,9 տարի։ Հետազոտողներն օգտագործել են մասնակիցների բժշկական քարտերը՝ փորձելով կապ գտնել քնի առանձնահատկությունների և հիվանդությունների հետ կապված ավելի քան 1000 ելքերի միջև։
Վերլուծությունը ցույց է տվել, որ արագ քնի մեծ տևողությունը կապված է 83 հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ։ Արագ քնի փուլի ավելացումը 47,6 րոպեով (որը համապատասխանում է մեկ միջքվարտիլային միջակայքին) նպաստել է սրտային անբավարարության, դեմենցիայի և Պարկինսոնի հիվանդության վտանգի նվազմանը։ Մասնավորապես, ռիսկի գործակիցը սրտային անբավարարության դեպքում կազմել է 0,74, դեմենցիայի դեպքում՝ 0,54, իսկ Պարկինսոնի հիվանդության ժամանակ՝ 0,20։
Խորը քնի երկար տևողությունն իր հերթին կապվել է յոթ հիվանդության, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ծանր դեպրեսիվ խանգարման ավելի ցածր ռիսկի հետ։
Միևնույն ժամանակ, քնի անկանոն ռեժիմը և քնելուց հետո երկար արթուն մնալը մեծացրել են մի շարք խնդիրների, օրինակ՝ տագնապային վիճակների և հոգեակտիվ նյութերի կախվածության հետ կապված խանգարումների հավանականությունը։
Գիտնականները նաև ոչ գծային կապ են հայտնաբերել քնի ընդհանուր տևողության և հիվանդությունների ռիսկի միջև։ Շատ ախտաբանությունների դեպքում ռիսկի ամենացածր ցուցանիշը նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր օրական քնել են մոտ 6-8 ժամ։ Իսկ 5 ժամից պակաս քնող մասնակիցների շրջանում աճել է 37 տարբեր հիվանդությունների զարգացման վտանգը։
Միևնույն ժամանակ, գիտնականները շեշտել են, որ ուսումնասիրությունը զուտ դիտողական բնույթ է կրել և չի կարող հստակ հաստատել, թե քնի առանձնահատկություններն ուղղակիորեն առաջացնում կամ կանխում են այս կամ այն հիվանդությունը։
Ստացված արդյունքները ևս մեկ անգամ փաստում են, որ ինչպես քնի տևողությունը, այնպես էլ դրա կառուցվածքը հիմնարար նշանակություն ունեն երկարաժամկետ առողջության համար։ Ըստ հեղինակների՝ 6-8 ժամ տևողությամբ քունը կարող է առանձնահատուկ կարևոր լինել միջին և տարեց հասակի մարդկանց համար, ինչը հավանաբար պայմանավորված է քնի տարբեր փուլերի ավելի բարենպաստ հարաբերակցությամբ։
Ամբողջական ֆենոմի մակարդակով իրականացված վերլուծությունը (Բոնֆերոնիի ճշգրտումից հետո) ի հայտ է բերել քնի առանձնահատկությունների և նոր առաջացած հիվանդությունների միջև առկա 156 վիճակագրորեն նշանակալի կապ։ Քնի տևողությունը նշանակալի ոչ գծային կապ է ունեցել հիվանդությունների 86 ֆենոտիպերի հետ, ընդ որում՝ դրանցից 69-ի դեպքում ռիսկի նվազագույն շեմն արձանագրվել է հենց 6-8 ժամ քնելու պարագայում։
Հետազոտությունն իրականացվել է Չինաստանի ազգային և Պեկինի տեղական մի շարք գիտական ծրագրերի աջակցությամբ։ Ֆինանսավորող կազմակերպությունները որևէ մասնակցություն չեն ունեցել հետազոտության մշակման, տվյալների հավաքագրման և վերլուծության, հրապարակման որոշման կայացման կամ հոդվածի նախապատրաստման գործընթացներին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում