✕

Հղիության ընթացքում առողջ սնունդը նվազեցնում է երեխայի մոտ խոցերի և էկզեմայի ռիսկը․ հետազոտություն

14 հոկտեմբերի, 2026  12:33

Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի գիտնականների կատարած հետազոտության համաձայն՝ այն մայրերի երեխաները, ովքեր հղիության ընթացքում հետևել են միջերկրածովյան առողջ դիետային, ավելի հազվադեպ են տառապում խոցերից և էկզեմայից։ Հետազոտողները նաև պարզել են, որ հղիության ընթացքում ծովամթերքի կանոնավոր օգտագործումն օգնել է նվազեցնել երեխայի մոտ այս հիվանդությունների զարգացման ռիսկը։

«Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մանկական խոցերով տառապած երեխաների մոտ ավելի հասուն տարիքում ավելի հաճախ են զարգանում ատոպիկ հիվանդություններ, այդ թվում՝ ասթմա, սեզոնային ռինիտ և սննդային ալերգիա»,- ասում է հետազոտության հեղինակ, Բոստոնի մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և նուտրիցիոլոգիայի բաժանմունքի վարիչի տեղակալ, Հարվարդի բժշկական դպրոցի մանկաբուժության պրոֆեսոր Ջենիֆեր Լայթդեյլը։ «Մեր հետազոտությունն առաջինն է, որտեղ դիտարկվում է այն հարցը, թե ինչպես կարող է նախածննդյան դիետան ազդել խոցերի և էկզեմայի համակցման վրա, քանի որ կրծքի հասակում այս վիճակներով տառապող երեխաները ավելի բարձր տարիքում կարող են առավել խոցելի լինել ալերգիայի տարբեր դրսևորումների նկատմամբ»։

Հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Դիետային և մանկական խոցերին նվիրված նախորդ հոդվածները կենտրոնացած էին այն հարցի վրա, թե արդյոք կերակրող մայրերի սննդակարգի կամ մանկական կերերի բաղադրության փոփոխությունները կարող են ազդել խոցերի ախտանիշների վրա, փոխանցում է «Научная Россия»-ն։ Այս հետազոտության շրջանակներում գիտնականները պարզում էին, թե արդյոք հղիության ընթացքում կանանց սննդային սովորությունները կապված են իրենց երեխաների մոտ խոցերի առաջացման ռիսկի հետ։

1999 թվականի ապրիլից մինչև 2002 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Արևելյան Մասաչուսեթսի ծննդատներից ընտրվել է 1300 հղի կին։ Հետազոտության մասնակիցները կանոնավոր կերպով հարցաթերթիկներ են լրացրել իրենց սննդակարգի վերաբերյալ, որոնք գիտնականները գնահատել են միջերկրածովյան դիետայի սանդղակով (Mediterranean Diet Score, MDS) և սննդակարգի հետ կապված բորբոքման ինդեքսով (Dietary Inflammation Index, DII)։ Որքան բարձր էր MDS սանդղակով ցուցանիշը, այնքան ավելի առողջ էր սննդակարգը՝ մրգերի, բանջարեղենի, ամբողջական հացահատիկի, ընդեղենի և օգտակար ճարպերի բարձր պարունակությամբ ու կաթնամթերքի և ոչ յուղոտ սպիտակուցների չափավոր քանակով։ DII բարձր ցուցանիշը վկայում էր նվազ առողջ սննդակարգի մասին՝ կարմիր կամ մշակված մսի, շաքարով քաղցրացված ըմպելիքների, նատրիումի և վերամշակված հացահատիկի բարձր պարունակությամբ։ Մասնակիցները նաև հայտնել են, թե հաճախ ալերգիա առաջացնող որ ապրանքներն են օգտագործում (այդ թվում՝ գետնանուշ, գետնանուշի կարագ և այլ ընկուզեղեն, ձուկ և ծովամթերք, ինչպես նաև ձու և կաթնամթերք)։
Պարզվել է, որ հետազոտությանը մասնակցած նորածինների 26%-ի մոտ եղել են խոցեր, իսկ 5%-ի մոտ՝ և՛ խոցեր, և՛ էկզեմա։ Այն մայրերի մոտ, ովքեր հետևել են միջերկրածովյան դիետային, նշանակալիորեն ցածր է եղել երեխայի մոտ թե՛ խոցերի, թե՛ էկզեմայի առաջացման ռիսկը․ MDS սանդղակով յուրաքանչյուր հավելյալ միավորը կապված է եղել ռիսկի 15% նվազման հետ։ Ընդհակառակը, DII սանդղակով յուրաքանչյուր հավելյալ միավորը կապված է եղել ռիսկի 34% ավելացման հետ։
Ուսումնասիրելով տարածված ալերգեն հանդիսացող ապրանքները՝ հետազոտողները պարզել են, որ հղի կնոջ կողմից շաբաթական օգտագործված ծովամթերքի յուրաքանչյուր բաժնի հետ մեկտեղ 25%-ով նվազել է նրա երեխայի մոտ խոցերի և էկզեմայի ի հայտ գալու հավանականությունը։ Մյուս տիպիկ ալերգենները, այդ թվում՝ կաթնամթերքը, ձուն և ընկուզեղենը, կապված չեն եղել երեխաների մոտ խոցերի և էկզեմայի հետ։ Գիտնականների հաշվարկներով՝ հետազոտության ընթացքում ի հայտ եկած բոլոր փոխկապակցվածություններն առավել արտահայտված են եղել այն նորածինների մոտ, որոնց մայրերն անամնեզում ունեցել են ալերգիկ հիվանդություններ։
«Մեր արդյունքները ևս մեկ առիթ են հղի կանանց օգնելու, որպեսզի անցնեն առողջ, հավասարակշռված սննդակարգի՝ շեշտը դնելով ծովամթերքի վրա»,- հայտարարել է հետազոտության առաջին հեղինակ, Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի սննդաբանության ամբիոնի պրոֆեսոր Էմիլի Օկենը։ «Մայրերը ցանկանում են անել հնարավոր ամեն ինչ իրենց երեխաների համար, սակայն հաճախ ֆինանսական և այլ խոչընդոտների են բախվում՝ առողջ սննդակարգի ճանապարհին։ Հույս ունենք, որ մեր հետազոտությունը օգտակար կլինի ոչ միայն առանձին անհատների և ընտանիքների, այլև կանանց առողջությունն ու սնուցումն աջակցող ծրագրերի և ծառայությունների համար»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում