Թեյի կանոնավոր օգտագործումը կապում են սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ, սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ըմպելիքի չափազանց բարձր ջերմաստիճանը կարող է չեզոքացնել այդ առավելություններից մի քանիսը։ Ըստ Journal of Internal Medicine պարբերականում հրապարակված հետազոտության՝ շաբաթական առնվազն երեք օր թեյ խմող մարդկանց շրջանում անոթային հիվանդությունների առաջացման վտանգն ավելի ցածր է եղել։ Միևնույն ժամանակ, շատ տաք թեյ նախընտրող մարդկանց մոտ այդ ռիսկն ավելի բարձր է եղել։
Հետազոտության ընթացքում վերլուծվել են 30-ից 79 տարեկան ավելի քան 485 հազար չինացիների տվյալներ։ Մասնակիցները հայտնել են, թե որքան հաճախ են թեյ խմում, որ տեսակներն են նախընտրում, որքան թունդ են թրմում և սովորաբար ինչ ջերմաստիճանի են այն օգտագործում։ Մոտ ինը տարի տևած դիտարկման ընթացքում հետազոտողները գրանցել են սիրտ-անոթային և անոթային հիվանդությունների ավելի քան 14 800 դեպք, այդ թվում՝ ինֆարկտներ, ինսուլտներ և ծայրամասային զարկերակների հիվանդություններ։
Թեյի կանոնավոր օգտագործումը կապված է անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի անհետաձգելի բուժօգնության բժիշկ և կլինիկական դոցենտ դոկտոր Լինա Վենի խոսքով՝ շաբաթական առնվազն երեք օր թեյ խմող մարդկանց մոտ անոթային հիվանդությունների առաջացման վտանգը մոտ 11%-ով ավելի ցածր է եղել, քան այն ըմպելիքն ավելի հազվադեպ օգտագործողների մոտ։ Այս կապը պահպանվել է անգամ այնպիսի գործոններ հաշվի առնելուց հետո, ինչպիսիք են տարիքը, ծխելը, ֆիզիկական ակտիվությունը, մարմնի զանգվածը և առկա հիվանդությունները։
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ չափավոր թունդ թեյի օգտագործումը նույնպես կապված է ավելի ցածր ռիսկի հետ։ Սև թեյն առավել կայուն կապ է դրսևորել տարբեր սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման հարցում, թեև կանաչ թեյը նույնպես աչքի է ընկել դրական ազդեցությամբ։
Ըստ ամենայնի, էական նշանակություն է ունեցել նաև ըմպելիքի ջերմաստիճանը։ Այն մասնակիցների մոտ, ովքեր նշել են, որ թեյը խմում են շատ տաք վիճակում, անոթային հիվանդությունների ռիսկը 16%-ով ավելի բարձր է եղել՝ գոլ վիճակում թեյ խմողների համեմատ։ Ընդհակառակը, սենյակային ջերմաստիճանի կամ պարզապես տաք, բայց չայրող թեյ նախընտրող մարդկանց մոտ ռիսկը նշանակալիորեն ավելի ցածր է եղել, քան ոչ կանոնավոր խմողների մոտ։
Այդուհանդերձ, հետազոտությունն ունի էական սահմանափակումներ։ Թեյի ջերմաստիճանը գնահատվել է ոչ թե օբյեկտիվ չափումների, այլ մասնակիցների ինքնահայտնած պատասխանների հիման վրա։ Բացի այդ, ըմպելիքի «տաք» կամ «այրող» լինելու վերաբերյալ ընկալումները կարող են տարբերվել։ Արդյունքների վրա կարող էին ազդել նաև սննդակարգի և ապրելակերպի այլ առանձնահատկությունները։
Ինչպես կարող է թեյը նպաստել սրտի և անոթների առողջությանը
Թեյը պարունակում է պոլիֆենոլներ, այդ թվում՝ ֆլավոնոիդներ, որոնք օժտված են հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով։ Այս միացությունները կարող են պաշտպանել արյունատար անոթները պատող բջիջները, ինչպես նաև նպաստել զարկերակների թուլացմանն ու ընդլայնմանը։ Նման ազդեցությունը թույլ է տալիս նվազեցնել արյան ճնշումը և թեթևացնել սրտի ծանրաբեռնվածությունը։
Նախկին հետազոտությունները նույնպես թեյի օգտագործումը կապում էին արյան ճնշման, խոլեստերինի մակարդակի և սիրտ-անոթային առողջության այլ ցուցանիշների չափավոր բարելավման հետ։ Մասամբ դրանով էլ կարող է բացատրվել կանոնավոր կերպով թեյ խմողների մոտ ինսուլտների, ինֆարկտների և այլ բարդությունների ավելի ցածր հաճախականությունը։
Լրացուցիչ օգուտ կարող է բերել քաղցր ըմպելիքները չքաղցրացված թեյով փոխարինելը։ Գազավորված և ավելացված շաքար պարունակող այլ ըմպելիքներից հրաժարվելը կարող է կրճատել շաքարի սպառումը, վերահսկել մարմնի զանգվածը և պահպանել նյութափոխանակության նորմալ ընթացքը։
Ո՞ր թեյն է ավելի օգտակար՝ սևը, թե՞ կանաչը
Սև և կանաչ թեյերը ստանում են միևնույն բույսից՝ Camellia sinensis-ից։ Տերևների մշակման տարբերություններն ազդում են դրանցում պարունակվող պոլիֆենոլների կազմի և քանակի վրա։
Նոր հետազոտության մեջ սև թեյն առավել կայուն կապ է դրսևորել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման հարցում, թեև կանաչ թեյը նույնպես աչքի է ընկել դրական ազդեցությամբ։ Դոկտոր Վենի խոսքով՝ այս տեսակներից որևէ մեկը նախընտրող մարդկանց համար մյուսին անցնելու անհրաժեշտություն չկա։ Երկու ըմպելիքն էլ կարող են լինել սրտի համար օգտակար սննդակարգի մաս, հատկապես եթե օգտագործվեն առանց շաքարի։
Որքա՞ն թեյ կարելի է խմել
Շաբաթական առնվազն մեկ անգամ թեյ խմող մասնակիցների շրջանում անոթային հիվանդությունների ամենացածր հավանականությունը նկատվել է օրական մոտ 6–8 բաժակ օգտագործողների մոտ։ Ծավալի հետագա ավելացման դեպքում հիվանդացության հավանականությունը սկսել է աճել։
Այդուհանդերձ, հետազոտողները հորդորում են այս արդյունքները չընկալել որպես օրական 6–8 բաժակ խմելու անմիջական խորհուրդ։ Հետազոտության մեջ բաժակի ծավալի միասնական չափանիշ չի կիրառվել, իսկ օգտագործած թեյի քանակը մասնակիցները նշել են ինքնուրույն։ Հետևաբար, ստացված տվյալները թույլ չեն տալիս հստակեցնել օրական օպտիմալ չափաբաժինը։
Մեկ այլ կարևոր գործոն է կոֆեինը։ Սև թեյի ստանդարտ՝ մոտ 240 միլիլիտրանոց բաժակը սովորաբար պարունակում է 30–50 միլիգրամ կոֆեին։ Կանաչ թեյի մեջ այն, որպես կանոն, ավելի քիչ է, սակայն տեսակների մեծ մասը նույնպես պարունակում է կոֆեին, եթե տուփի վրա հատուկ նշված չէ հակառակը։
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչության (FDA) տվյալներով՝ չափահասների մեծ մասի համար օրական մինչև 400 միլիգրամ կոֆեինի օգտագործումը սովորաբար վտանգավոր հետևանքներ չի առաջացնում։ Հղի կանանց խորհուրդ է տրվում կոֆեինի օրական չափաբաժինը սահմանափակել մինչև 200 միլիգրամ, իսկ երեխաներին հարկավոր է հեռու պահել կոֆեին պարունակող ըմպելիքներից։
Թույլ տվեք թեյին հովանալ՝ օգտագործելուց առաջ
Հիմնական գործնական խորհուրդը պարզ է․ չի կարելի խմել այնքան թեժ թեյ, որն այրում է բերանը կամ կոկորդը։ Չափազանց տաք ըմպելիքների կանոնավոր օգտագործումը կապում են նաև կերակրափողի քաղցկեղի բարձր ռիսկի հետ։ Եթե թողնեք, որ թեյը հովանա մինչև հարմարավետ ջերմաստիճանը, ապա կարելի է խուսափել այրվածքներից։
Սև, կանաչ կամ այլ տեսակի թեյ կարելի է ընտրել՝ ըստ սեփական նախասիրությունների։ Ընդ որում, կարևոր է հետևել օգտագործվող կոֆեինի ընդհանուր քանակին, հատկապես եթե ի հայտ են գալիս քնի խանգարումներ, տագնապայնություն կամ հաճախասրտություն։
Թեյ չխմողների համար, ամենևին էլ պարտադիր չէ սկսել դա անել հանուն սրտի առողջության։ Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, ծխելուց հրաժարվելը, արյան ճնշման ու խոլեստերինի մակարդակի վերահսկումը, ինչպես նաև լիարժեք սնունդը շարունակում են մնալ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման կարևորագույն միջոցները։
Հետազոտությունը թույլ է տալիս ենթադրել, որ թեյը կարող է լինել առողջ ապրելակերպի մաս, սակայն էական նշանակություն ունեն ինչպես ըմպելիքի ջերմաստիճանը, այնպես էլ ընդհանուր առմամբ դրա օգտագործման սովորույթները։ Միևնույն ժամանակ, ստացված արդյունքները վկայում են վիճակագրական կապի մասին, բայց չեն ապացուցում, որ հենց թեյի օգտագործումն է կանխարգելում սիրտ-անոթային հիվանդությունները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում