✕

Իննամյա հետազոտությունը փոխադարձ կապ է բացահայտել մենության զգացողության փոփոխության և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի միջև

21 հոկտեմբերի, 2026  23:27

Archives of Public Health բժշկագիտական հանդեսում հրապարակված իննամյա հետազոտությունը փոխադարձ կապ է բացահայտել մենության և սոցիալական մեկուսացման տարբեր հետագծերի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի միջև: Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն մարդու սոցիալական շփումների քանակը, այլև այն, թե ինչպես է նա ընկալում մենությունը և ինչպես են փոխվում այդ զգացողությունները ժամանակի ընթացքում:

Հետազոտության մեջ վերլուծել են Չինաստանի առողջության և կենսաթոշակի անցման լոնգիտյուդային հետազոտությանը (China Health and Retirement Longitudinal Study, CHARLS) մասնակցած 45 տարեկանից բարձր 10 հազար 823 մարդու տվյալներ: Գիտնականներն ուսումնասիրել են 2011-2020 թվականն ընկած ժամանակահատվածում հավաքված տեղեկությունները: Վերլուծությունից բացառվել են այն մասնակիցները, որոնց սիրտ-անոթային հիվանդություններ էին ախտորոշել դեռևս դիտարկման սկզբից առաջ:

Մենությունը և սոցիալական մեկուսացումը միևնույն բանը չեն

Թեև այդ հասկացությունները հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ, դրանք տարբեր երևույթներ են նկարագրում: Սոցիալական մեկուսացումը նշանակում է սոցիալական շփումների կամ կապերի սահմանափակ քանակ, մինչդեռ մենությունը սուբյեկտիվ զգացողություն է, որ գոյություն ունեցող հարաբերությունները բավարար չեն կամ չեն գոհացնում մարդու հուզական պահանջմունքները:

Նախկինում երկու գործոնն էլ կապում էին առողջության համար անբարենպաստ հետևանքների, այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունների հետ: Սակայն դրանցից յուրաքանչյուրի գնահատումն առանձին պահի թույլ չի տալիս լիարժեք հասկանալ, թե ինչպես են դրանք փոխազդում և փոխվում մի քանի տարիների ընթացքում:

Այս փոխկապակցվածությունն ուսումնասիրելու համար հետազոտողները հետևել են սոցիալական մեկուսացման և մենության զգացողության փոփոխություններին և գնահատել դրանց կապը հետագա սիրտ-անոթային ռիսկի հետ:

Սոցիալական մեկուսացումը գնահատել են հինգ ցուցանիշով՝ ընտանեկան դրությամբ, բնակության պայմաններով, երեխաների հետ շփումներով, հասարակական կյանքին մասնակցությամբ և գյուղական վայրերում բնակությամբ: Մենության զգացողությունը որոշել են մեկ հարցի միջոցով. այն է՝ որքան հաճախ են մասնակիցները զգացել այն նախորդ շաբաթվա ընթացքում:

Համատեղ հետագծերի մոդելավորման վիճակագրական մեթոդի օգնությամբ հետազոտողները մասնակիցներին բաժանել են խմբերի՝ կախված նրանից, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել նրանց սոցիալական մեկուսացումը և մենության զգացողությունը: Այնուհետև գիտնականները համեմատել են սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկն այդ խմբերի միջև:

Ամենամեծ ռիսկը նկատվել է մենության զգացողության տատանումների դեպքում

Դիտարկման ժամանակահատվածում հետազոտողները գրանցել են սիրտ-անոթային հիվանդությունների 2589 նոր դեպք: Վերլուծությունը բացահայտել է սոցիալական մեկուսացման և մենության համադրման հինգ տարբեր մոդել:

Ամենաբարձր ռիսկը նկատվել է չափավոր սոցիալական մեկուսացում ունեցող մասնակիցների շրջանում, որոնց մոտ մենության զգացողությունը նկատելիորեն փոխվում էր ժամանակի ընթացքում: Սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունն այս խմբում 53%-ով ավելի բարձր է եղել, քան ստուգիչ խմբում, որի մասնակիցները նույնպես չափավոր սոցիալական մեկուսացում էին զգում, բայց հազվադեպ էին իրենց մենակ զգում:

Սկզբում այդ խմբի մասնակիցների շրջանում մենության զգացողությունը թուլանում էր, այնուհետև զգալիորեն ուժեղացավ 2013-2018 թվականներին, իսկ 2020 թվականին նորից նվազեց: Արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ հուզական վիճակի փոփոխությունները կարող են կապված լինել սիրտ-անոթային ռիսկի հետ նույնիսկ արտահայտված սոցիալական մեկուսացման բացակայության դեպքում:

Այն մարդկանց շրջանում, ովքեր միաժամանակ զգում էին ուժեղ սոցիալական մեկուսացում և մենության արտահայտված զգացողություն, սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը նույնպես բարձր է եղել՝ 29%-ով՝ ստուգիչ խմբի համեմատ:

Եվս մեկ արդյունք անսպասելի է ստացվել: Այն մասնակիցների շրջանում, որոնք ի սկզբանե հայտնել էին սոցիալական մեկուսացման և մենության ցածր մակարդակի մասին, սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը 16%-ով ավելի բարձր է եղել, քան ստուգիչ խմբում: Դիտարկման վերջին տարիներին այս խմբում սոցիալական մեկուսացումն ուժեղանում էր: Բացի դրանից, մասնակիցներն ավելի հաճախ էին ծխում, ոգելից խմիչք օգտագործում, ունեին ավելորդ քաշ կամ ճարպակալում:

Հետազոտողները նշել են, որ այդ կապը կարող են բացատրել առողջական այլ գործոններ, չհաշվառված հանգամանքներ և հնարավոր համակարգային սխալներ: Հետևաբար, արդյունքները չեն վկայում պարզ օրինաչափության մասին, ըստ որի՝ սոցիալական մեկուսացման ուժեղացումը միշտ ուղեկցվում է սիրտ-անոթային ռիսկի ավելացմամբ:

Ընդ որում, բարձր սոցիալական մեկուսացում, բայց մենության ցածր մակարդակ ունեցող մասնակիցների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի վիճակագրորեն նշանակալի տարբերություն ստուգիչ խմբից չի հայտնաբերվել:

Այս դիտարկումն ընդգծում է մարդու օբյեկտիվ սոցիալական հանգամանքների և դրանք նրա կողմից ընկալման միջև եղած տարբերությունը: Սակայն դա չի նշանակում, որ սոցիալական մեկուսացումն անվնաս է, կամ որ մենության զգացողության բացակայությունն անպայմանորեն պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից:

Հետազոտությունը չի ապացուցում, որ մենությունը սրտի հիվանդություններ է առաջացնում

Արդյունքները պետք է մեկնաբանել զգուշությամբ, քանի որ հետազոտությունը դիտարկողական բնույթ է կրել: Այն հնարավորություն է տալիս փոխկապակցվածություններ բացահայտել, բայց չի ապացուցում, որ մենությունը կամ սոցիալական մեկուսացումն անմիջականորեն սիրտ-անոթային հիվանդություններ են առաջացնում: Նաև այս տվյալների հիման վրա չի կարելի պնդել, որ մենության զգացողության նվազեցմանն ուղղված միջոցառումներն ունակ են կանխել ինֆարկտները և ուղեղի կաթվածները:

Երկու գործոնների վրա էլ՝ և՛ մենության, և՛ սիրտ-անոթային ռիսկի, կարող են ազդել այլ հանգամանքներ: Բացի դրանից, առողջությանն առնչվող արդեն գոյություն ունեցող խնդիրները կարող էին նպաստել սոցիալական մեկուսացմանը կամ մենության զգացողության հայտնվելուն դեռևս սիրտ-անոթային հիվանդության ախտորոշումից առաջ: Դա չի բացառում հակադարձ պատճառահետևանքային կապի հնարավորությունը:

Հետազոտությունն ունեցել է նաև այլ սահմանափակումներ: Մենության զգացողությունը գնահատել են մեկ հարցի միջոցով, որը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ ընդգրկել այդ վերապրման բարդությունը: Սիրտ-անոթային հիվանդությունների մասին տվյալները հիմնված են եղել նախկինում բժիշկների ախտորոշած սրտի հիվանդությունների կամ ուղեղի կաթվածի մասին մասնակիցների հայտնած տեղեկությունների, այլ ոչ թե անկախ կլինիկական ստուգման վրա: Դա կարող էր հանգեցնել չափման սխալների:

Բացի դրանից, հետազոտության բոլոր մասնակիցները Չինաստանի բնակիչներ են եղել, որի պատճառով արդյունքները պարտադիր չէ, որ հավասարապես կիրառելի լինեն այլ երկրների և բնակչության խմբերի համար: Սոցիալական մեկուսացման ցուցանիշում ներառել են նաև գյուղական վայրերում բնակությունը: Այդ գործոնի նշանակալիությունը կարող է տարբերվել՝ կախված երկրից և կենսապայմաններից:

Հուզական վիճակի գնահատումը կարող է օգնել բացահայտել բարձր ռիսկ ունեցող մարդկանց

Արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական մեկուսացման, մենության և սիրտ-անոթային հիվանդությունների միջև կապն ավելի բարդ է, քան կարելի է ենթադրել՝ ելնելով միայն մարդու սոցիալական շփումների քանակից:

Այն մարդիկ, ովքեր մշտապես զգում են մենության ուժեղ զգացողություն, ինչպես նաև նրանք, ում մոտ այն զգալիորեն փոխվում է ժամանակի ընթացքում, կարող են հատուկ ուշադրության կարիք ունենալ սիրտ-անոթային ռիսկի գնահատման ժամանակ: Սոցիալական հանգամանքներին զուգահեռ հուզական վիճակի հաշվառումը կարող է օգնել բացահայտել միջին և ավագ տարիքի այն մարդկանց, ում համար օգտակար կարող են լինել համապատասխան բժշկական հետազոտությունը և սոցիալական կամ հոգեբանական աջակցությունը:

Սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու համար՝ արդյոք մենության զգացողության նվազեցմանն ու սոցիալական կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումներն իսկապես ունակ են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում