✕

Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են արձագանքում կանեփին. ի՞նչ են պարզել գիտնականները

7 նոյեմբերի, 2026  16:27

Ժամանակ առ ժամանակ կանեփ օգտագործող տղամարդիկ ծխելուց հետո ավելի վառ արտահայտված ազդեցություն են զգում, քան նույն սովորություններն ունեցող կանայք, թեև նրանց արյան մեջ ՏՀԿ-ի (տետրահիդրոկանաբինոլ) պարունակությունը գրեթե նույնն է։ Նման եզրահանգման են եկել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuropsychopharmacology ամսագրում։

Գիտափորձին մասնակցել են առողջ տղամարդիկ և կանայք, որոնք կանեփ են օգտագործել ամեն շաբաթ կամ ամեն օր։ Երեք առանձին փուլերի ընթացքում կամավորները ծխել են բույսի հոգեներգործուն նյութի՝ ՏՀԿ-ի ցածր կամ բարձր պարունակությամբ կանեփ, ինչպես նաև դրա պլացեբո տարբերակը։ Մասնակիցները տեղյակ չեն եղել, թե որ տարբերակն է իրենց բաժին հասել։ Հետազոտողները հաշվի են առել նաև կանանց դաշտանային ցիկլի փուլը և բացառել հորմոնալ հակաբեղմնավորիչների ազդեցությունը։

Կանեփ հազվադեպ օգտագործող տղամարդիկ հայտնել են ավելի ուժեղ արբածության, քնկոտության և բնականոն գործելու ունակության խանգարման մասին։ Նրանց մոտ նաև ավելի հաճախ են ի հայտ եկել տհաճ ազդեցություններ, այդ թվում՝ տագնապայնություն։ Միայն այս խմբում է ակտիվ կանեփի օգտագործումից հետո գրանցվել անոթազարկի զգալի արագացում։

Ընդ որում, կանեփ կանոնավոր կերպով օգտագործող տղամարդիկ և կանայք դրան արձագանքել են գրեթե նույն կերպ։ Ավելին, այն հաճախակի օգտագործող տղամարդկանց արյան մեջ ՏՀԿ-ի պարունակությունը սովորաբար ավելի բարձր է եղել, սակայն սուբյեկտիվ ազդեցություններն ավելի թույլ են դրսևորվել, քան այն հազվադեպ օգտագործող տղամարդկանց մոտ։

Հեղինակները ենթադրում են, որ կանանց մոտ կարող է ավելի արագ տոլերանտություն ձևավորվել կանեփի նկատմամբ, այսինքն՝ նրանք դրա ազդեցությանն ընտելանում են ավելի քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում։ Այդուհանդերձ, այս վարկածը դեռ պետք է ստուգվի ավելի մեծ ընտրանքների վրա։

Հետազոտողներն ընդգծում են, որ մասնակիցները քիչ են եղել, իսկ որոշ արդյունքներ կրել են նախնական բնույթ։ Բացի այդ, ՏՀԿ-ի կիրառված չափաբաժիններն ավելի ցածր են եղել, քան այդ նյութի պարունակությունը ժամանակակից բազմաթիվ արտադրատեսակներում։ Գիտնականները շարունակում են ուսումնասիրել առավել խտացված կանեփի ազդեցությունը և դրա հետևանքները 55 տարեկանից բարձր անձանց շրջանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում