Վիտամին C-ի կանոնավոր ընդունումը կարող է գրեթե կիսով չափ նվազեցնել մրսածության վտանգն այն մարդկանց շրջանում, որոնք ենթարկվում են ծայրահեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության, օրինակ՝ երկար տարածություններ հաղթահարող վազորդների մոտ։ Մարդկանց մեծամասնությանը այս հավելումը չի փրկում վարակվելուց, սակայն կարող է փոքր-ինչ կրճատել հիվանդության տևողությունը։ Այս մասին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բժիշկները հայտնել են «Daily Mail» պարբերականին։
Օրեգոնի նահանգային համալսարանի կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի պրոֆեսոր Ադրիան Գոմբարտը նշել է, որ նման արդյունք արձանագրվել է հինգ տարբեր հետազոտությունների ժամանակ։ Դրանց մասնակցել են ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեցող անձինք։ Ենթադրվում է, որ գերհոգնածության պատճառով օրգանիզմն ավելի ընկալունակ է դառնում շնչառական վարակների հանդեպ։
«Մյուսների դեպքում վիտամին C-ի կանոնավոր օգտագործումը գործնականում չի նվազեցնում մրսելու հաճախականությունը։ Ավելի քան 11 հազար մարդու ընդգրկմամբ 29 հետազոտությունների լայնածավալ Կոքրեյնյան վերլուծությունը որևէ կանխարգելիչ ազդեցություն չի հայտնաբերել»,- հայտնել են գիտնականները։
Մասնագետների խոսքով՝ վիտամին C-ն կարող է թեթևացնել արդեն սկսված մրսածության ընթացքը միայն այն դեպքում, եթե մարդն այն նախապես ու կանոնավոր կերպով է ընդունել։ Ըստ ուսումնասիրության՝ այն հիվանդության տևողությունը կրճատում է միջինում 8 տոկոսով մեծահասակների և 14 տոկոսով՝ երեխաների շրջանում։ Մեկ շաբաթ տևող սովորական մրսածության դեպքում դա կազմում է համապատասխանաբար մոտավորապես կես և մեկ օր։
Փորձագետները գնահատել են նաև այլ հավելումների օգտակարությունը։ Ըստ 34 հետազոտությունների վերանայման՝ ցինկը կարող է կրճատել հիվանդության տևողությունը մոտ երկու օրով, սակայն այս տվյալների արժանահավատությունն այնքան էլ բարձր չէ։ Ընդ որում, մեծ դեղաչափերը կարող են վնասակար լինել. մասնավորապես՝ ցինկի ավելցուկը կապում են սակավարյունության (անեմիայի) և ոսկրերի թուլացման հետ։
Մասնագետները հիշեցնում են՝ ոչ մի հավելում չի երաշխավորում, որ դուք պաշտպանված կլինեք մրսածությունից։ Վարակվելու վտանգը նվազեցնելուն օգնում են նաև լիարժեք քունը, հավասարակշռված սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունն ու հիգիենան։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում