✕

Մենակությունը կարող է երեք ամսով արագացնել կենսաբանական ծերացումը․ HealthPsych

10 նոյեմբերի, 2026  12:47

Մենակությունն ու սոցիալական շփումների պակասը կապված են արագացված կենսաբանական ծերացման և մահացության բարձր ռիսկի հետ։ Ընդ որում՝ այն մարդկանց մոտ, որոնք միաժամանակ զգում են և՛ մենակություն, և՛ սոցիալական մեկուսացում, ծերացման նշաններն ավելի արտահայտված են։ Այս եզրակացությանն են հանգել չինացի գիտնականները, իսկ հետազոտության արդյունքները հրապարակվել են «Health Psychology» ամսագրում։

Աշխատանքի հեղինակները վերլուծել են բրիտանական «UK Biobank» կենսաբանկի 309 746 մասնակիցների տվյալները: Կամավորների միջին տարիքը կազմել է 56 տարի, իսկ նրանց առողջական վիճակի դիտարկումը շարունակվել է միջինը 14,4 տարի:
Հետազոտողներն առանձն-առանձն են գնահատել սոցիալական մեկուսացումն ու մենակությունը: Առաջինը որոշվել է այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են՝ մենակ ապրելը, հարազատների հետ հազվադեպ հանդիպումները և խմբային միջոցառումներին չմասնակցելը: Մենակությունը գնահատվել է շփման պակասի սուբյեկտիվ զգացումով և վստահելի անձի բացակայությամբ:
Կենսաբանական տարիքը հաշվարկվել է «PhenoAge» բանաձևով, որը հաշվի է առնում բորբոքման և օրգանների աշխատանքի հետ կապված արյան ցուցանիշները։
«Առավել սոցիալական մեկուսացված մասնակիցների մոտ այն միջինում մոտ չորս ամսով բարձր է եղել նրանց իրական տարիքի համար սպասվող ցուցանիշից։ Մենակություն զգացողների մոտ տարբերությունը կազմել է շուրջ երեք ամիս։ Երկու գործոնների համակցության դեպքում ազդեցությունն ավելի ուժեղ է եղել»,- պատմել են գիտնականները։
Բացի այդ, սոցիալական մեկուսացման սանդղակով յուրաքանչյուր հավելյալ միավորը կապված է եղել ցանկացած պատճառից մահվան հարաբերական ռիսկի 13,9%-ով, իսկ մենակության սանդղակով՝ 8,9%-ով բարձրացման հետ:
«Գենետիկական վերլուծությունը նաև կապ է հայտնաբերել մենակության նկատմամբ հակվածության և արագացված կենսաբանական ծերացման միջև: Մարզական ակումբներ և մարզասրահներ կանոնավոր այցելությունները, ինչպես նաև կրոնական կյանքին մասնակցությունը, ընդհակառակը, զուգորդվել են առավել բարենպաստ ցուցանիշների հետ»,- նշվում է հետազոտությունում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում