Ինչպես է հիվանդի տրամադրվածությունն ազդում բուժման գործընթացի վրա. դեպք մաշկաբանի պրակտիկայից

20 դեկտեմբերի, 2014  12:34

Հիվանդի տրամադրվածությունը եւ նույնիսկ բնավորությունը կարող են նրա բուժման գործընթացում մեծ դեր խաղալ՝ անկախ այն բանից, թե ինչ հիվանդություն նա ունի:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ մաշկաբան-վարակաբան Հովհաննես Հովհաննիսյանն իր պրակտիկայից մի հետաքրքիր դեպք է պատմել, որը հերթական անգամ ապացուցում է, թե ինչքան կարեւոր է դրական տրամադրվածությունը, եւ թե ինչպես բացասական տրամադրվածությունը կարող է ամեն ինչ փչացնել:

Ոչ շատ վաղուց բժշկի մոտ էր եկել երիտասարդ հիվանդ՝ տեղական ԲՈՒՀ-երից մեկի մի ուսանողուհի: Նա լացում էր՝ ասելով, որ իր մոտ իսկական ողբերգություն է՝ մաշկի հետ կապված խնդիր, որի պատճառով կյանքը կորցնում է իր իմաստը: Սակայն բժիշկը ոչ մի «սարսափելի խնդիր» էլ չհայտնաբերեց. աղջիկը պարզապես մի քանի բշտիկներով բավականին առողջ մաշկ ուներ, որոնց վրա կարելի էր եւ ուշադրություն չդարձնել, քանի որ դրանք իրենք իրենց կանցնեին: Սակայն աղջիկը պնդեց, որ իրեն բուժում է հարկավոր, ուստի բժիշկը նրան համապատսխան դեղ նշանակեց:

Երբ այդ աղջիկը դուրս եկավ, նրա տարիքի ուրիշ աղջիկ եկավ, ով նույնպես ուսանող էր: Իսկ ահա այս աղջկա մաշկն իսկապես սարսափելի վիճակում էր, այնքան սարսափելի, որ մարդկանց մեծամասնությունը կվախենար նրան մոտ գալ:

«Բժիշկ, ոնց որ թե ինչ-որ բան այն չէ մաշկիս հետ. հայրիկս խորհուրդ տվեց բժշկի դիմել»,- հանգիստ ասաց նա:

Հիվանդության պատճառները հասկանալով՝ բժիշկ Հովհաննիսյանը նրան դեղ նշանակեց:

Բուժման ընթացքում առաջին աղջիկն ամեն անգամ բժշկի մոտ գալով լացում էր եւ ասում, որ ինքը սարսափելի մաշկ ունի, եւ որ նման դեմքով ապրել հնարավոր չէ: Երկրորդ աղջիկն ամեն անգամ ֆլեգմատիկորեն ասում էր, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, նա ամեն ինչից գոհ է:

Արդյունքում առաջին աղջկա երկու բշիկն այդպես էլ չանհետացան. ավելին, այդ բշտիկների հանդեպ տրամադրվածության ու վերաբերմունքի պատճառով դրանք  նույնիսկ մեծացան, եւ մի քանիսն էլ հայտնվեցին:

Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ աղջիկն իսկապես խնդիր ունի, բայց խնդիրը մաշկային չէր (մաշկային ոչ մի հիվանդություն եւ օբյեկտիվ խնդիր նա չուներ), ուստի նա, այս ամենից ելնելով, պետք է դիմեր ոչ թե մաշկաբանի, այլ հոգեբանի օգնությանը:

Ինչ վերաբերում է երկրորդ աղջկան, նրա բուժումը նույնիսկ ավելի քիչ ժամանակ խլեց, քան սկզբում ենթադրվում էր, եւ շուտով բոլոր սարսափելի վերքերն ու բշտիկները նրա դեմքից անհետացան, իսկ մաշկը դարձավ իդեալական հարթության:

Ինչպես նշել է Հովհաննես Հովհաննիսյանը, այս դեպքը պարզ ցույց է տալիս, թե ինչքան կարեւոր է սեփական անձի եւ բուժման նկատմամբ դրական վերաբերմունքը, քանի որ այն իսկապես օգնում է կարճ ժամանակահատվածում ամենալավ արդյունքներին հասնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում