Ալյուրի հարստացման ծրագիրը միտված է մի շարք հիվանդությունների կանխարգելմանը. ՄԱԿ–ի ներկայացուցիչ

21 դեկտեմբերի, 2014  11:43

Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը միտված է  Հայաստանի բնակչության շրջանում  լայն տարածում ունեցող մի շարք հիվանդությունների`  մասնավորապես սակավարյունության կանխարգելմանը: Այս մասին Ծաղկաձորում ընթացող զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար ալյուրի հարստացման, առողջ ապրելակերպի եւ իմունականխարգելման  թեմաներով երկօրյա սեմինարի ընթացքում ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը։

«Սեմինարի շրջանակում կներկայացվեն առողջապահական այս ծրագիրն իրականացնելու պատճառները, ինչպես նաեւ այն հետազոտությունները, որոնք իրականացվել են մասնագետների կողմից»,- ասաց առոջապահության նախարարի տեղակալը` հավելելով, որ սպառիչ պատասխաններ  կտրվեն  վերջին շրջանում հանրության, լրատվամիջոցներում լայն հնչեղություն ստացած առողջապահական ծրագրի վերաբերյալ: 

«Հայաստանն արդեն ունի նման` աղի պարտադիր յոդացման հաջողված  փորձ: Այդ ծրագիրը  լավագույնս լուծեց բնակչության շրջանում յոդի պակասի խնդիրը: Ալյուրը կարեւոր սննդային բաղադրիչ է:  Գաղտնիք չէ,  որ ցորենը աղալու ընթացքում կեղեւային մասը դուրս է մնում,  որը պարունակում է ալյուրի հիմնական դրական բաղկացուցիչները: Ըստ էության նման միջամտությամբ մենք առաջարկում ենք վերադաձնել այն կարեւորագույն բաղադիչը, որն ի սկզբանե ունի ցորենը»,- ասաց Հենրիետ Արենսը:

Ալյուրի կեղեւը պարունկում է երկաթ եւ ֆոլաթթու, որն էլ հետազոտությունների համաձայն անհրաժեշտ է բնակչության մեծ խմբերին:  «Սա շատ կարեւոր քննարկում է, որի նպատակն է լսել ձեր կարծիքները, մտահոգությունները: Մենք էլ մեր կողմից կտրամադրենք գիտելիքներ` հույս ունենալով, որ դուք  կհանդիսանաք հանրության ձայնը»,-  ընդգծեց բանախոսը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը կարեւորեց հանրության իրազեկվածության ապահովումը:

Մասնագետի գնահատմամբ` հիվանդությունները կանխարգելելու նպատակ ունեցող այս ծրագիրը ձեռնտու է նաեւ ծախսարդյունավետության տեսակետից:

Վկայակոչելով  միջազգային փորձը` նա նշեց, որ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից  բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47 տոկոսը եւ հղի կանանց 42 տոկոսն ունեն սակավարունություն (Հայաստանում` համապատասխանաբար` 37 եւ 40 տոկոս):  Ֆոլաթթուն անչափ կարեւոր է պտղի զարգացման համար, հատկապես վաղ շրջանում, երբ ձեւավորվում է նյարդային խողովակը, իսկ ցինկը հանդիսանում է երեխայի աճի եւ իմունային համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ կարեւորագույն միկրոտարր:

Միկրոտարրրերի եւ վիտամինների անբավարարությունն ամբողջ աշխարհում հանրային առողջության առավել լուրջ խնդիրներից է, որի հետեւանքով մարդու մոտ առաջանում են առողջական վիճակի  վատթարացում եւ արտադրողականության անկում: Երկաթը յուրահատուկ միկրոտարր է, որը մտնելով արյան բաղադրության մեջ մասնակցում է թթվածնի տեղաշարժին թոքերից այլ հյուսվածքներ ու օրգաններ: 

Հենրիետ Արենսը շեշտեց, որ նման միջոցառումների շնորհիվ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, առողջապահության ոլորտի մասնագետները նպատակ ունեն  իրազեկել առողջապահական այս կարեւոր խնդիրի մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում