Առողջապահության նախարարությունը կաջակցի երկրապահների բժշկական սպասարկմանը

27 հունվարի, 2015  18:08

ՀՀ առողջապահության նախարարության եւ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջեւ ստորագրվեց փոխընմբռնման հուշագիր, որը միտված է երկրապահների բժշկական օգնությունն ու սպասարկումն առավել կանոնակարգված կազմակերպմանը: Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը սկզիբն ազդարարվեց «Երկրապահ Կամավորականների Միության» օրհներգով եւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգեւոր տեսուչ Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյան օրհնությամբ:

ՀՀ առոջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ողջունելով միջոցառման մասնակիցներին շեշտեց, որ թե՛ ռազմադաշտում, թե՛ խաղաղ պայմաններում բուժաշխատողները մշտապես եղել են Հայոց ազգային բանակի, երկրապահ կամավորականների կողքին են:

«Անուրանալի է ձեր դերակատարումը մեր երկրի անկախության ձեռքբերման, բանակի կայացման, Արցախյան գոյամարտում, սահմանների պաշտպանության գործում: Որպես նախարար իմ պարտքն եմ համարում նշել, որ այս հուշագրի ստորագրումով, ոչ թե նոր էջ է բացում, այլ հաստատվում են ավանդաբար եղած մոտեցումներն ու հարաբերությունները»,- նշեց Արմեն Մուրադյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին համալիր աջակցություն կցուցաբերի երկրապահ կամավորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին բուժօգնություն` ներառյալ դժվարամատչելի հետազոտություններ եւ սրտի վիրահատություններ իրականացնելու նպատակով բաց դռների օրեր կազմակերպելու համար։

Նախարարը անդրադարձավ նաեւ առողջ ապրելակերպի քարոզման, ծխախոտի դեմ պայքարին, համատեղ հանրային առողջապահական ծրագրերի իրականացման կարեւորությանը` հիշեցնելով, որ առողջությունը բացարձակ արժեք է:

«Կորեւոր է առողջ մարմնում առողջ հոգի դաստիարակել»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` շնորհավորելով բոլորին Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ: Նա առանձնահատուկ շնորհավորեց բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր փառապանձ բանակի կազմավորման տարիներին ազվաբարո աշխատանք են կատարել:

Իր խոսքն ուղղելով եռասերունդ երկրապահներին` «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը նշեց, որ երկրի կայունացմանը ուղեկցել է նաեւ բժշկության զարգացումը:

Նա հիշեց, թե ինչպես Հայաստանի եւ Արցախի բժիշկները պատերազմի ժամանակ 24 ժամ ոչ միայն բարձր մակարդակով կատարել են իրենց մասնագիտական պարտականություններն, այլեւ եղել են հայ ժողովրդի լավագույն մարտիկները:

Ազատամարտիկներին բժշկական օգնություն ցուցաբերելու գործում նա կարեւորեց մասնավորապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դերն ու անձնակազմի երկարամյա աշխատանքը:

ՀՀ բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի կողմից ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արժանացավ «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում