Սրտային հիվանդները պետք է ձմռանը կրճատեն ֆիզիկական եւ էմոցիոնալ լարվածությունը

31 հունվարի, 2015  17:16

Ձմեռը սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար բավականին դժվար շրջան է, քանի որ բոլոր այդ հիվանդությունները (մաշկային եւ շատ այլ խնդիրների հետ միասին) սովորաբար սրվում են: Անցանկալի բարդություններից խուսափելու համար սրտաբան Մարինե Օրդյանը սրտային հիվանդներին խորհուրդ է տալիս ձմռանը նվազեցնել ֆիզիկական եւ էմոցիոնալ լարվածությունը:

Նրա խոսքով, սթրեսներն ու էմոցիոնալ լարվածությունը շատ վատ են անդրադառնում մարդկանց առողջության վրա առհասարակ եւ, մասնավորապես, սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա, ուստի շատ կարեւոր է խուսափել ավելորդ բացասական ապրումներից, եթե հատկապես սրտի հիվանդություններ են առկա:

Ինչ վերաբերում է ֆիզիկական լարվածությանը, մարզումներն ու զբոսանքները սովորաբար սրտային հիվանդներին հակացուցված չեն, բայց նրանք պետք է հիշեն, որ սրտային վարժություններ իրենց չի կարելի: Քայլքը եւ լողը սրտային հիվանդների մեծամասնության համար ծանրաբեռնվածության ամենակատարյալ տեսակներն են: Սակայն նախքան ցանկացած տեսակի սպորտով զբաղվելը, ցանկալի է բուժող բժշկի հետ խորհրդակցել:

Հիշեցնենք, որ եղանակային փոփոխությունների եւ ցրտերի պատճառով շատ մարդկանց ճնշումը բարձրանում է՝ նպաստելով սիրտ-անոթային հիվանդությունների սրմանը եւ կաթվածների ու ինֆարկտների ռիսկի աճին: Այլ մարդկանց ճնշումը ձմռանը, ընդհակառակը, կարող է իջնել, ինչը կարող է իր հերթին առողջական վիճակի վատթարացմանը եւ առկա հիվանդությունների սրմանը հանգեցնել:

Այսպես, ձմռանը սրտային հիվանդներին (նաեւ բոլոր մարդիկ) խորհուրդ է տրվում խուսափել ավելորդ ֆիզիկական եւ էմոցիոնալ լարվածությունից, պարբերաբար խորհրդակցել բուժող բժշկի հետ եւ պարտադիր ընդունել բոլոր նշանակված դեղերը. Այս ամենը կօգնի խուսափել անցանկալի խնդիրներից եւ գարունն առողջ եւ առույգ դիմավորել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում