Սելֆի-վիդեոյի օգնությամբ կարելի է որոշել մարդու առողջական վիճակը

31 հունվարի, 2015  18:48

Ռոչեսթերի համալսարանի աշխատակիցները համակարգչային ծրագիր են մշակել, որը վերլուծում է սելֆի-վիդեոն: Այդ ծրագիրը թույլ է տալիս վիդեոյի միջոցով դատել մարդու առողջական վիճակի մասին: Ծրագիրն աշխատում է հետին պլանով՝ հետեւելով սոցկայքերում մարդու ակտիվությանը եւ այլ տվյալներ չօգտագործելով:

Պետք չէ հայտարարել ինքնազգացողության մասին, հավելյալ ինֆորմացիա մուտքագրել կամ սենսորներ կրել: Ամեն ինչ պարզ է եւ ճշգրիտ: Օրինակ՝ վիդեոյում միայն ճակատի գույնի մեկ փոփոխությամբ ծրագիրը կարողացել է որոշել սրտի զարկի հաճախականությունը: Ծրագիրը հաշվի է առնում նաեւ մարդու աչքերը թարթելու հաճախականությունը, նրա ակնագնդերի շառավիղը, եւ գլխի շարժումների հաճախականությունը:

Ընդ որում, ծրագիրը հետեւում է, թե մարդն ինչ է գրում Twitter-ում, ինչ է կարդում, որքան արագ է թերթեւմ էջը, որքան հաճախ է սեղմում մկնիկի կոճակը: Այդ ամենը խոսում է հոգեբանական եւ ֆիզիկական վիճակի մասին: Ծրագիրը փորձարկել են 27 կամավորի վրա: Մարդկանց մոտ որոշակի էմոցիաներ առաջացնելու համար նրանց սոցկայքերով հաղորդագրություններ են ուղարկել:

Իսկ ծրագիրը ճշգրիտ եզրահանգում է կատարել՝ արդյոք այդ հաղորդագրությունները մարդու մոտ դրական, չեզոք թե բացասական զգացմունքներ են առաջացնում:  Հետագայում ծրագրին «կսովորեցնեն» կոնկրետ զգացմունքներ (զայրույթ, տխրություն եւ այլն) ճանաչել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում