Կանադահայ աշակերտուհին դիալիզի նոր սարք է ստեղծել

10 փետրվարի, 2015  22:44

17-ամյա կանադահայ Անյա Փողարյանը հայտնագործել է մի սարք, որը կարող է հեղափոխական լինել բժշկության ոլորտում եւ ամբողջովին փոխել  դիալիզի կատարման գործընթացը:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավագ դպրոցի աշակերտուհի Անյան մշակել է դիալիզի սարքի մի նախատիպ, որը հնարավոր կլինի օգտագործել տանը եւ կարժենա ընդամենը 500 դոլար, այն դեպքում, երբ դիալիզի սովորական սարքերն արժեն 30 000 դոլար:

Սարքը ստեղծելու գաղափարը ծնվել է, երբ աղջիկը, դպրոցական ծրագրի շրջանակում, սկսել է որպես կամավոր աշխատել կանադական հիվանդանոցներից մեկի դիալիզի բաժանմունքում: Եվ երբ դպրոցում նրան հանձնարարել են գիտական նախագիծ ներկայացնել, աղջիկը որոշել է աշխատել դիալիզի նոր սարք ստեղծելու ուղղությամբ: Գյուտի համար նա ծախսել է մոտ 300 ժամ:

Դիալիզն արհեստական ճանապարհով արյունը մաքրելու բուժակարգ է: Այն արհեստական պայմաններում կատարում է այն նույն աշխատանքը, ինչն անում է առողջ երիկամը. արյունը վերցնում է օրգանիզմից, մաքրում եւ հետ է վերադարձնում: Գործընթացը կատարվում է հիվանդանոցներում՝ շաբաթական 3  անգամ՝ 3-4 ժամ տեւողությամբ:

 Անյան ասել է, որ իր նախագծով պարզապես ցանկացել է թեթեւացնել դիալիզի կարիք ունեցող հիվանդների կյանքը: «Ես ցանկանում էի, որ նրանք ստիպված չլինեն ամեն անգամ գնալու հիվանդանոց, քանի որ դա լուրջ խնդիր է շատ այցելուների համար:  Հեշտ չէ շաբաթական երեք անգամ կլինիկա գնալը, հատկապես եթե հիվանդը տեղաշարժվելու խնդիր ունի»,-պատմել է աղջիկը:

 Հաղորդվում է, որ Անյան արդեն բազմաթիվ մրցանակների է արժանացել, իսկ կանադանական Héma-Québec հիվանդանոցը նրան հրավիրել է ամառային վերապատրաստման, որի ժամանակ կփորձարկվի նրա գյուտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում