Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես թույլատրել է երեխաներին երեք ծնող ունենալ

25 փետրվարի, 2015  10:50

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը թույլ է տվել երեք հոգու ԴՆԹ օգտագործել արհեստական բեղմնավորման համար: Լորդերի պալատը ձայների մեծամասնությամբ հաստատել է օրենքի նախագիծը:

Մինչեւ 2015 թվականի օգոստոս պետք է մշակվեն գենետիկական այս պրոցեդուրաների կարգն ու լիցենզավորման պահանջները: Երեք ծնողներից ծնված առաջին երեխան կարող է լույս աշխարհ գալ արդեն 2016 թվականին:

Բրիտանիան աշխարհի առաջին պետությունն է, որը թույլ է տվել մարդու գենոմի արհեստական կոմբինացումը: «Երեք ծնողների մասին օրենքը»՝ փոփոխություն է արհեստական բեղմնավորման ու էմբրիոլոգիայի ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերում, հաղորդում է BBC News-ը:

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին նախագիծը հաստատվել էր խորհրդարանի ստորին պալատում: Այս նախագծի դեմ են հանդես եկել 100 պատգամավորներ, կաթոլիկ եկեղեցին եւ իրավապաշտպանները, սակայն, չնայած դրան, նախագիծն անցել է ընդունված ընթացակարգով՝ քվեարկության դրվելով խորհրդարանի վերին պալատում:

Նորամուծության կողմնակիցները այս կերպ ձգտում են նվազեցնել բնածին հիվանդությունների քանակը: Իսկ նախագծին դեմ հանդես եկողները մտավախություն են հայտնում, որ այս ամենը կհանգեցնի երեխայի «մոդելավորմանը» ծնողների քմահաճույքների համաձայն: Այս մեթոդը «միտոքոնդրիումների փոխանցում » անվանումն է ստացել: Բժիշկների պարզաբանմամբ՝ կանացի օրգանիզմը հնարավորություն ունի կանխել երեխայի եւ հետագա սերունդների միտոքոնդրիումներում մուտացիաների առաջացումը: Այս էֆեկտի ամրապնդման համար նախատեսվում է սաղմին փոխանցել, հոր ու մոր ԴՆԹ-ից բացի, նաեւ երրորդ կնոջ միտոքոնդրիումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում