«Ռիսկի խմբում» ընդգրկված մարդիկ գրիպի դեմ պատվաստանյութ են ստացել

26 փետրվարի, 2015  19:42

«Ռիսկի խմբում» գտնվողները, բուժաշխատողներն ու որոշ կամավորներ գրիպի դեմ պատվաստանյութ են ստացել: Այս մասին պատմել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Զանգվածային պատվաստումներ, սակայն, չեն իրականացվել: Արտավազդ Վանյանի խոսքով՝ դրանք չեն անցկացվում աշխարհի եւ ոչ մի երկրում, Հայաստանում նույնպես բոլորին պատվաստելու անհրաժեշտության չկա: Իսկ «ռիսկի խմբում» ընդգրկվածներին այս պատվաստումները չեն խանգարի, քանի որ մեծ է հավանականությունը, որ այս խմբի մարդիկ կարող են վարակվել եւ վարակել ուրիշներին: Բացի այդ՝ նրանց մոտ հիվանդությունը նաեւ կարող է ծանր ընթանալ՝ բարդացումների հանգեցնելով:

Ռիսկի խմբում ընդգրկված են, օրինակ, հղի կանայք, երեխաները, քրոնիկ հիվանդները, տարեցները (եվրոպական երկրներում վերջիններս առավել հաճախ են հիվանդանում գրիպով՝ երբեմն մահանալով դրանից):

Հիշեցնենք, որ, ինչպես նշում են «Public Health England» բրիտանական կազմակերպության ներկայացուցիչները, պատվաստանյութը կարող է պաշտպանել մարդկանց 3 տոկոսին միայն, իսկ մնացած 97-ի դեպքում այն բացարձակապես անօգուտ է, քանի որ գրիպի վիրուսը շատ արագ է մուտացիայի ենթարկվում:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի՝ այդ պատվաստանյութի բժշկական արդյունավետությանն առնչվող հարցին՝ Արտավազդ Վանյանը նշեց, որ այն պայքարում է գրիպի ոչ թե մեկ, այլ մի քանի ենթատեսակների դեմ: Հետեւաբար, որոշակի իմաստով այն շատ արդյունավետ եւ օգտակար կլինի:

«Վիրուսները, սակայն, շատ արագ են մուտացիայի ենթարկվում եւ պետք չէ ակնկալել, որ այդ նույն պատվաստանյութը արդյունավետ կլինի նաեւ ապագայում», - հավելեց նա:

Հիշեցնենք, որ գրիպի պատվաստանյութը Հայաստան է ներմուծվել դեռեւս անցած տարվա վերջին եւ այն, ինչպես նշում են մասնագետները, գրիպի վիրուսի А, Н1 (պանդեմիկ եւ սեզոնային) Н3 եւ В  տեսակների նկատմամբ կայուն իմունիտետ է ապահովում 6-12 ամսվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում