Հինգ միջոց լսողությունը պահպանելու համար

3 մարտի, 2015  22:34

Աշխարհում 275 միլիոնից ավել մարդ տառապում է խլությունից եւ լսողության խանգարումներից, սակայն այս խնդիրներն երբեմն կարելի է կանխարգելել մի շարք պարզունակ միջոցներով:

Քանի որ այսօր մարտի 3-ն է՝ ականջի առողջության եւ լսողության պահպանման միջազգային օրը (International Day for Ear and Hearing), NEWS.am Medicine խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հասարակ միջոց, որոնք կօգնեն պահպանել լսողությունը մինչեւ խոր ծերություն:

Հետեւեք Ձեր զարկերակային ճնշմանը

Հետեւեք Ձեր զարկերակային ճնշմանը, քանի որ բարձր զարկերակային ճնշմամբ մարդկանց մոտ շատ հաճախ են զարգանում լսողության հետ կապված խնդիրները (ինչպես նաեւ այլ խնդիրներ): Հիշեցնենք, որ նորմալ ճնշում է համարվում 120/80 ճնշումը: Եթե Ձեզ մոտ այն ավելի բարձր է, մասնագետները խորհուրդ են տալիս նվազեցնել աղի օգտագործումը (քանի որ վերջինս դանդաղեցնում է հեղուկի ելքը օրգանիզմից): Իսկ եթե Դուք ավելորդ քաշ ունեք, փորձեք ազատվել դրանից եւ սկսել ավելի ակտիվ ու առողջ ապրելակերպ վարել: Եթե ինքնուրույն հաղթահարել բարձր ճնշման խնդիրը չի ստացվում, անպայման դիմեք բժշկի:

Հետեւեք արյան մեջ գլյուկոզայի պարունակությանը

Ընդունված է կարծել, որ շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ լսողության հետ կապված խնդիրները 5 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան առողջ մարդկանց մոտ: Այդ պատճառով այսօր NEWS.am Medicine-ը խորհուրդ է տալիս հետեւել արյան մեջ գլյուկոզայի պարունակությանը եւ խուսափել սթրեսներից, որոնք կարող են հանգեցնել նյութափոխանակության խանգարմանը:

Խուսափեք ակուստիկ վնասվածքներից

Աշխատեք խուսափել ակուստիկ վնասվածքներից: 40 դԲ ուժգնությամբ մշտական աղմուկի գործոնը (սովորական զրույց) աստիճանաբար նվազեցնում է լսողության սրությունը, իսկ 60 դԲ-ից ավել աղմուկը կարող է հանգեցնել ակուստիկ միկրովնասվածքների:

Ականջակալներով երաժշտություն մի լսեք

Աշխատեք որքան հնարավոր է քիչ ականջակալներով երաժշտություն լսել՝ առավելեւս շատ բարձր, քանի որ դա կարող է վնասել ականջների թմբկաթաղանթը՝ մի շարք լուրջ խնդիրներ առաջ քաշելով:

Մի մոռացեք կանխարգելիչ միջոցների մասին

Նախընտրելի է ժամանակ առ ժամանակ զննություն անցնել համապատասխան բժշկի մոտ՝  հիշելով, որ ցանկացած խնդիր շատ ավելի հեշտ է լուծվում, եթե չի հասել բարդացումների փուլին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում