Բուժել պետք է ոչ թե մեկ կոնկրետ հիվանդությունը, այլ ընդհանուր մարդուն

5 մարտի, 2015  18:39

Դժվար թե գտնվի որեւէ մարդ, որը տառապում է միայն մեկ հիվանդությամբ: Շատ ավելի հաճախ հիվանդություններն ի հայտ են գալիս մի ամբողջ «փնջի տեսքով», եւ այդ պատճառով դրանք պետք է բուժել իրար հետ, կարծում է մանուալիստ եւ ֆիզիոթերապեւտ Գագիկ Կարապետյանը:

Բժշկի խոսքով՝ նրա մոտ հաճախ են գալիս ողնաշարի տարբեր տարբեր թեքումներով, ողերի խնդիրներով, օստեոխոնդրոզով, ռադիկուլիտով, գլխացավերով, տարբեր նյարդերի բորբորքումներով եւ այլ խնդիրներով հիվանդները: Դեպքերի ճնշող մեծամասնությունում պարզվում է, որ, ակներեւ խնդիրներից բացի, կան նաեւ այլ խնդիրներ՝ օրինակ դեպրեսիայի արդյունքում ի հայտ եկած հոգեբանական խանգարումներ: Որպես կանոն, բոլոր այս խնդիրները, մասնագետի խոսքով, փոխկապակցված են լինում, եւ այդ պատճառով բուժել առանձին վերցրած որեւէ մի հիվանդություն՝ անտեսելով մյուս խնդիրները, արդյունավետ չէ:

Այլ հարց է, որ Հայաստանում մուլտիդիսցիպլինար այս մոտեցումը դեռեւս ընդունված չէ: Գագիկ Կարապետյանի խոսքով՝ շատ մարդիկ, մեր երկրում նման բուժում չստանալով, մեկնում են Գերմանիա, որտեղ մեկ հիվանդի հետ սովորաբար մի քանի մասնագետ է աշխատում՝ հոգեբան, ֆիզիոթերապեւտ, նեվրոպատոլոգ, կարդիոլոգ եւ մի շարք այլ մասնագետներ՝ կախված հիվանդի խնդիրներից:

Հիշեցնենք, որ շատ մասնագետների խոսքով, մուլտիդիսցիպլինար մոտեցումը իսկապես անհրաժեշտ է բազմաթիվ, հատկապես ծանր հիվանդությունների բուժման համար: Սա առավել արդիական է քաղցկեղով հիվանդների դեպքում, որոնց երբեմն մի քանի տեսակի բուժում է անհրաժեշտ:  Բացի այդ՝ եթե հիվանդի հետ միանգամից մի քանի մասնագետ է աշխատում, եւ դրանցից մեկը որեւէ կարեւոր բան է բաց թողնում, մնացած մասնագետները կարող են դա նկատել եւ սխալների հավանականությունը կհաջողվի նվազեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում