Կարճատեսության իրական պատճառը ցերեկային լույսի պակասն է

23 մարտի, 2015  20:44

Գիտնականները հայտնում են, որ գտել են կարճատեսության գոյացման իրական պատճառը: Ընդ որում՝ ինչպես պարզվեց, ոչ գենետիկան, ոչ էլ ժամանակակից մարդկանց սովորությունը երկար ժամանակ անցկացնել համակարգչի եւ էլեկտրոնային սարքավորումների էկրանի առջեւ այս խնդրի պատճառ չեն հանդիսանում: Երկարատեւ հետազոտությունը թույլ տվեց գիտնականներին մի շարք եզրակացություններ անել, որոնք ենթարկվել են մանրակրկիթ ստուգման եւ լույս տեսել Nature ամսագրում:

Միոպիան կամ կարճատեսությունը ակնաբյուրեղի երկարացման եւ պատկերի՝ աչքի ցանցաթաղանթի առջեւ, այլ ոչ թե դրա վրա ֆիքսման արդյունք է: Վերջին տասնամյակներին կարճատեսությունը համաճարակի է վերածվել: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կարճատես մարդկանց քանակը ավելի քան կրկնապատկվել է, ասիակայն երկրներում իրավիճակը նույնն է: Այսպես, եթե 60 տարի առաջ կարճատեսություն ունեին չինացիների 10-20 տոկոսը, ապա այժմ այդ թիվը 90 տոկոս է կազմում: Սեուլում 19 տարեկան երիտասարդների 95.6 տոկոսը կարճատես է:

Գիտնականները հայտնում են, որ կարճատեսությունը ցերեկային լույսի պակասի արդյունք է: Ժամանակակից մարդիկ սկսել են շատ ավելի քիչ ժամանակ անցկացնել փողոցում, եւ հենց դրանով է պայմանավորված միոպիան, քանի որ վառ ցերեկային լույսի ազդեցության պայմաններում դոֆամին է արտադրվում, իսկ դրա պակասն էլ հենց երկարացնում է բյուրեղիկը: Բժիշկները գտնում են, որ լավ տեսողության պահպանման համար անհրաժեշտ է առնվազն օրական երեք ժամ անցկացնել 10 հազար լյուքս (արեւի լույսի չափման միավոր) լուսավորվածության պայմաններում, իսկ փակ տարածքներում հնարավոր մաքսիմալ լուսավորվածությունը չի գերազանցում 5 հազար լյուքսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում