Շատերը շաբաթվա ընթացքում քնում են ավելի քիչ, քան պետք է՝ փորձելով քունն առնել միայն հանգստյան օրերին: Ճի՞շտ է արդյոք վարվել այդպես եւ կարող է արդյոք սա խնդիրների պատճառ դառնալ: Պարզաբանում է Քնի խանգարման հայկական ասոցիացիայի նախագահ, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը։
Մասնագետի խոսքով՝ քնի պակասը շաբաթվա ընթացքում լուրջ խնդիր է առաջացնում օրգանիզմի համար, եւ այն չի կարող կոմպենսացվել միայն հանգստյան օրերին, նույնիսկ եթե այդ օրերին քնել երկու անգամ ավել: Այդ պատճառով շատ կարեւոր է պահպանել քնի նորմալ ռեժիմը՝ անկախ օրվանից եւ ամեն օր քնել 6-8 ժամ (http://med.news.am/arm/news/5396/orakan-qani-zham-e-petq-qnel.html):
Ի՞նչ կլինի, եթե մարդը բավականաչափ քնի միայն հանգստյան օրերին
Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ քնի պակասը (6 ժամից պակաս քնելը) 5 աշխատանքային օրվա ընթացքում մարդուն ավելի նյարդային կդարձնի: Նրա համար դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի, ուսման, եւ, առհասարակ, որեւէ բանի վրա, ինչը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա գործընկերների եւ դասախոսների հետ նրա հարաբերությունների վրա: Բացի այդ՝ առողջությունը եւս կտուժի.
• Լիարժեք հանգստի բացակայության պայմաններում քրոնիկ սիրտ-անոթային հիվանդությունները կարող են սրվել, կարող են ի հայտ գալ նոր հիվանդություններ, որոնք նախկինում չեն եղել, բացի այդ՝ քնի պակասի դեպքում բարձրանում է զարկերակային հիպերտենզիայի եւ շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը
• Քնի պակասի դեպքում կարող է զարգանալ նաեւ դեպրեսիան, նեվրոտիկ խանգարումները, որոնք նկատելիորեն կվատթարացնեն կյանքի որակը:
• Քնի պակասը վնասակար է նաեւ կազմվածքի համար: Համարվում է, որ առողջ քունը օգնում է նորմալ քաշ պահպանել, իսկ քնի պակասը նպաստում է նյութափոխանակման պրոցեսների ակտիվության անկմանը եւ ավելորդ քաշի ի հայտ գալուն:
Եթե դուք չեք կարողանում բավականաչափ քնել շաբաթվա ընթացքում, փորձեք հետեւել այս խորհուրդներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում