Արյունաբանական դասընթացի մասնակիցները կստանան շարունակական կրթության 18 միավոր

26 մարտի, 2015  16:42

Մարտի 27-29 Երեւանում կայանալիք ցողունային բջիջների փոխպատվաստման «EHA-ESH 36th Tutorial on Stem Cell Transplantation: Implications and Indications» դասընթացի մասնակիցները կստանան շարունակական բժշկական կրթության 18 միավոր: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին է պատմել բժիշկ-արյունաբան Երվանդ Հակոբյանը:

«Այս միջոցառումը շատ կարեւոր է ոչ միայն դասընթացի կազմակերպիչ ասոցիացիաների միջեւ կապերի ամրապնդման, այլ նաեւ Հայաստանում շարունակական բժշկության միջոցառումների կազմակերպման մշակույթի զարգացման տեսանկյունից, դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան շարունակական կրթության 18 միավոր», - նշում է մասնագետը:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան նաեւ գնահատել ստացած գիտելիքները, ծանոթանալ տարբեր երկրների բժիշկների պրակտիկայից տարբեր դեպքերին, եւ, իհարկե, քննարկել բոլոր այդ դեպքերը Եվրոպայի լավագույն մասնագետների հետ:

Հիշեցնենք, որ արյունաբանության եւ ցողունային բջիջների փոխպատվաստման «EHA-ESH 36th Tutorial on Stem Cell Transplantation: Implications and Indications» դասընթացը կազմակերպվել է Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի եւ Հայկական արյունաբանական ասոցիացիայի կողմից: Նման կոնֆերանս Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում:

Դասընթացին կմասնակցեն ավելի քան 70 մասնագետ, որոնցից 30-ը Հայաստանից են, իսկ մնացածը Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի երկրներից: Դասախոսություններով հանդես կգան Եվրպայում հայտնի 9 գիտնական, որոնք դասախոսություններ կկարդան արյան չարորակ հիվանդությունների եւ ոսկրածուծից ցողունային բջիջների փոխպատվաստման մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում